«Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ևս անմասն չի մնացել ու «Թվիթթերի» իր էջում անդրադարձել է Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից ընտանիքի 6 անդամների սպանությանը:
«Այդ զինվորը, որը Գյումրիում հայի ընտանիք է սպանել, պետք է գնար Բաքու Ալիևի մոտ՝ պարգևի հետևից»,- գրել է Կադիրովը:
Գրառմանը հաջորդել են սուր քննադատություններ Կադիրովի հասցեին, միկրոբլոգի որոշ օգտատերեր Կադիրովի գրառումը «չհաջողված կատակ» են որակել ու պահանջել, որպեսզի նա ջնջի այն:
Օգտատերերից մեկն էլ Կադիրովին հիշեցրել է վերջերս Չեչնիայում տեղի ունեցած ահաբեկչության մասին ու հարցադրել, թե ըստ նրա՝ այդ ահաբեկիչներին և՞ս պետք է պարգևատրվեն»:
Հ.Գ. Տարօրինակ է, բայց փաստ, որ նույնիսկ հայտնի պաշտոնյաների սոցցանցերում առկա ամենահավատընծա պրոֆիլներն անգամ երբեմն կեղծ են դուրս գալիս: Տվյալ դեպքում Չեչնիայի նախագահի անունից ներկայացվող էջը նույնպես, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, ըստ երևույթին, հենց նման էջ է: Այսուհանդերձ, դժվար է տվյալ դեպքում նույնպես վստահաբար ասել, որ Կադիրովի էջն իրականում իրեն է պատկանում, թե ոչ: Հենց այս նպատակով էլ առաջարկում ենք ներկայացված հայտարարությունը և գնահատականը մինչև վերջ չընդունել որպես նրա գրառում: Հնարավոր է, որ էջին հետևում է նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը: