Եվրոպայի՝ միանգամից մի քանի երկրում անցած գիշեր ու այսօր առավոտյան ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները հակաիսլամիստական ստուգայցեր են իրականացրել:
Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ ստուգայցերի արդյունքում երկրի մի քանի քաղաքներում, ինչպես նաև՝ Փարիզում ձերբակալվել է 13 մարդ: Բնակելի շենքերում, որտեղ իրականացվել են ստուգայցերը, հայտանաբերվել է 4 АК-47 Կալաշնիկով ինքնաձիգ, 4 ատրճանակ, ինչպես նաև՝ ոստիկանական համազգեստ, կեղծ փաստաթղթեր, մեծ թվով զինամթերք:
Բրյուսելում ելույթ ունենալով լրագրողների առջև՝ Բելգիայի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ հայտնաբերված փաստաթղթերն ու իրերը թույլ են տալիս եզրակացնել, որ խումբը ծրագրավորել էր հարձակում իրականացնել ոստիկանների վրա:
Քննիչները փորձում են պարզել երկու կասկածյալների ինքնությունը:
Իսկ Ֆրանսիայում՝ Փարիզում ու դրա մերձակայքում, ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու, ովքեր կասկածվում են Ֆրանսիայի մայրաքաղաքում անցած շաբաթ 17 մարդու մահվան հանգեցրած ահաբեկչության մեջ:
Համաձայն հաղորդագրության՝ ձերբակալվածները կասկածվում են ահաբեկիչներին զենք ու մեքենա տրամադրելով աջակցություն ցուցաբերելու մեջ: