Վալերի Պերմյակովը կհրաժարվի՞ իրեն տրամադրած հանրային պաշտպանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ Փաստաբանների պալատից տեղեկացավ, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիման վրա Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի այսօրվա որոշմամբ Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 41-րդ և 45-րդ հոդվածների հիման վրա։

Իսկ տրամադրված պաշտպանի անունը չի հրապարակվում` նրա անվտանգության նկատառումներից ելնելով:

Իսկ թե կարո՞ղ է արդյոք մեղադրյալը այլ երկրից փաստաբան ունենալու հնարավորություն ունենալ, ՀՀ Փաստաբանների պալատի  www.advocates.am կայքի` «Իրավական ակտեր-Պալատի իրավական ակտեր-Խորհրդի որոշումներ» բաժնից տեղեկացանք, որ նման բան հանրավոր է, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն այս նպատակով սահմանել է այլ պետության փաստաբանի հավատարմագրման ընթացակարգ:

Այսպես, այլ պետության փաստաբանը հավատարմագրվելու համար պետք է ներկայացնի ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից հաստատված ձևի դիմում, որին պետք է կցվի սահմանված փաստաթղթերը:

Առաջին անգամ հավատարմագրվելու դեպքում նշված հարցի քննարկումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ դիմումը ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում, իսկ երկրորդ կամ հերթական անգամ հավատարմագրելու մասին հարցը քննվում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ՝ դիմումը ստանալու պահից 7 օրվա ընթացքում։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չտիրապետելու դեպքում այլ պետության փաստաբանին պետք է օժանդակություն ցույց տա Հայաստանի Հանրապետության փաստաբանը:

Հավատարմագրման գործընթացը կարգի համաձայն վճարովի է (բացառությամբ ԼՂՀ փաստաբանների համար նախատեսված որոշ դեպքերի): Կոնկրետ գործով հավատարմագիր տալու համար վճարի չափը սահմանվում է 200 հազար դրամ, իսկ մեկ տարվա ժամանակահատվածով հավատարմագիր տալու համար վճարի չափը սահմանվում է 1 մլն 500 հազար դրամ:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվել են մի ընտանիքի 6 անդամներ: Սպանության կատարման մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող 21-ամյա Վալերի Պերմյակովը:




Լրահոս