
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները հույս ունեն, որ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն արժանիորեն կստանա իր պատիժը: Ընտանիքի քավոր Արտյոմ Պետրոսյանը և տան տիկնոջ՝ Հասմիկ Ավետիսյանի հորեղբոր տղան Արթուր Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում գյումրեցիներին կոչ են արել ժողովրդին զսպվածություն ցուցաբերել: Նրանք նշեց, թե այն բոլոր անկարգությունները, որոնք տեղի ունեցան Գյումրիում, իրենց սրտով չէր:
Խոսելով ընտանիքի ողջ մնացած փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի հետագա ճակատագրի մասին, ընտանիքի հարազատները նշեցին՝ թույլ չեն տա, որ երեխային որդեգրեն այլ մարդիկ: Նրանք ընդգծեցին, որ երեխան կհանձնվի հորաքույրներից մեկի խնամակալությանը:
Ա. Հարությունյանը նշեց, որ ընտանիքում սպանված հարսի եղբայրը զինծառայող է և հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար նրան հինգ օրով թողել են վերադառնալ տուն: Նրանք խնդրում են, որ համապատասխան պատկան մարմինները նրան ևս մի քանի օր թույլատրեն մնալ տանը, քանի որ վերջինս ոչ այնքան լավ հոգեկան վիճակում է գտնվում: