Խորապես ցնցված եմ անմեղ մարդկանց սպանություններից. Ֆրանսիայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 16-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Հանդիպման սկզբում արդարադատության նախարարն անդրադառնալով վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին՝ իր ցավակցությունն է հայտնել դեսպանին՝ գնահատելով ֆրանսիացիների հաստատակամությունը խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների պահպանման գործում:

Դեսպանն իր հերթին իր երկրի անունից ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Նա նշել է, որ խորապես ցնցված է անմեղ մարդկանց սպանություններից և լիահույս է, որ հանցանք կատարած անձը կենթարկվի արդարացի պատասխանատվության և պատժի:

Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ կարվի ամեն հնարավորը, քննությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Նախարարն ասել է նաև, որ Հայաստանի ողջ իշխանությունը, ամբողջ իրավական համակարգը հետևողական են լինելու այս հարցում:

Հանդիպմանը քննարկվել են արդարադատության համակարգում և իրավական ոլորտում հետագա երկկողմ համագործակցության հեռանկարները՝ նախանշելով որոշակի ուղղություններ:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական բազմաբևեռ համագործակցությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Ֆրանսիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և ՀՀ կառավարությունը գնահատում է հատկապես Ֆրանսիայի շարունակական ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս