ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով ՀՅԴ ներսում ընթացող խմորումներին եւ առաջիկա նախագահական ընտրություններին, ասել է. «Մենք պարտավոր ենք նախագահական ընտրություններին կազմակերպված  մասնակցել, պարտավոր ենք  դարձյալ փորձել, որովհետեւ այս ընտրությունները մի բան ապացուցեցին, որ ապաքաղաքականացված  հասարակությունը ընդունակ է մեծ սխալների»:  Իսկ ինչո՞ւ է ԱԺ ընտրություններում անմխիթար արդյունքների հասած կուսակցության ղեկավարը կարծում, որ եթե հասարակությունը լիներ այնքան քաղաքականացված, որքան էր ասենք` 3-4 տարի առաջ, ապա «Դաշնակցության»-ը կհաջողվեր ավելի շատ ձայներ ստանալ: Հիշեցնենք, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին  հասարակությունն էլ ավելի ապաքաղաքականացված էր, քան հիմա: Սակայն դա ամենեւին էլ չխանգարեց, ավելի ճիշտ` գուցե  հենց դա էլ նպաստեց, որ «Դաշնակցություն»-ը 4-րդ գումարման ԱԺ-ում ունենար 16 տեղ: Եվ եթե «մեծ սխալներ» ասելով՝ ՀՅԴ ղեկավարը նկատի ունի սեփական կուսակցության դիրքերի  աննախադեպ  թուլացումը, ապա  այդ սխալները, թերեւս, պետք է փնտրի սեփական կուսակցության  եւ անձամբ իր մեջ: Սակայն շարունակելով քաղաքականացված հասարակության անհրաժեշտության մասին Հ. Մարգարյանի միտքը, հարկ է նշել, որ անցած առնվազն 15 տարիներին մեր հասարակությունը եղել է ավելի քաղաքականացված, քան պետք է: Արդյունքում տարբեր քաղաքական ուժեր իրենց  բաժին շագանակներն են հանել կրակի միջից հենց այդ նույն քաղաքականացված հասարակության  ձեռքերով` սկսած պատերազմի տարիներին «իշխանություններին ծառերից կախելուց», ավարտած 2008թ. մարտի 1-ի դեպքերով: Ընդ որում, այդ ողջ ընթացքում բազմաթիվ լրջագույն հարցերի շուրջ հասարակության բողոքի ձայնը լռեցվել է հենց այդ նույն «քաղաքականացվածության» ջատագովների հարթակային ելույթների ներքո: Ու թեեւ չի կարելի ասել, թե այսօրվա հասարակությունը լիովին ապաքաղաքականացված է, սակայն եթե  անգամ այդպես է, ապա դա կարելի է միայն ողջունել: Քանի որ քաղաքականացվածության նվազման  արդյունքում հանրության մտածող հատվածը վերջապես ձերբազատվեց այս կամ այն քաղաքական ուժի մանրախնդիր շահերը սպասարկելուց ու ձեռնամուխ եղավ հանրության շահերի իրական պաշտպանության պայքարին: Եվ վերջին առնվազն մեկուկես տարիներին այդ «ապաքաղաքականացված» հատվածն իր պայքարով շատ ավելին կարողացավ անել, քան  հասարակությանը տարիներ շարունակ «քաղաքականացված» պահող զանազան կուսակցություններ: Ամենատարբեր հարցերում իշխանությունների ապօրինություններին հանրային չկոտրվող հակազդեցությունը դրա վառ արտահայտությունն է: Հետեւաբար` եթե Հայաստանում ինչ-որ բան փոխվի էլ, ապա դա կարվի բացառապես «ապաքաղաքականացված» հասարակության այն հատվածի շնորհիվ, որն իր համար հստակ տարանջատել է քաղաքական եւ քաղաքացիական  պայքարը:




Լրահոս