Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Գյումրիում օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքերի համար ողբում է նաև Սյունիքի մարզը: Ըստ մարզպետի՝ Ռուսաստանի Դաշնությունը ևս շահագրգիռ է, որպեսզի հանցագործը պատժվի ամենայն խստությամբ:
-Պարո՛ն Խաչատրյան, հունվարի 12-ին Գյումրիում մի ողջ ընտանիքի դաժանորեն սպանած ռուս զինվորը ներկայումս գտնվում է ռուսական ռազմաբազայում, ոչ թե հայկական կալանավայրում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ռուսական իրավապահ համակարգը չի ցանկանում հանցագործին «հանձնել» հայկական կողմին` անգամ Հայաստանում հակառուսական տրամադրությունների սրացման գնով:
-Չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունն այդ հարցում կամայականություն է անում. երևի թե մեր օրեսդրության խնդիրն է, բայց նաև չեմ կարծում, որ ՌԴ-ն ամենավերջին պատիժը չի տալու հանցագործին, եթե ինքը դատի… ես կարծում եմ, որ իրենք էլ նույն կերպ են դատելու հանցագործին:
-Այսինքն՝ վստահ եք, որ ՌԴ-ն ևս որևէ կերպ զիջումների չի՞ գնալու, ու այն, ինչ պետք է տեղի ունենար Հայաստանի դատարանում, լինելու է ՌԴ դատական համակարգում:
-Ես կարծում եմ, որ այդպես է, ուղղակի մի բան էլ չպետք է մոռանալ, որ մեր իրավապահ մարմինները համագործակցում են: Կարծում եմ՝ ՌԴ-ն էլ ամենաարդարացի պատիժը տալու է, դա քաղաքական գործիչ չի, չգիտեմ ինչ չի, ընդամենը մի հատ 18 տարեկան հանցագործ, սրիկա է, էլի: Ու այս մեր հարաբերությունների մեջ, չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է այդ հանցագործի համար որոշակի խախտումներ անի:
-Պետական պաշտոնյաները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդպես էլ Գյումրի չգնացին, գյումրեցիների վիշտը չկիսեցին: Ինչո՞ւ Դուք ևս Գյումրիում չէիք:
-Փողոց դուրս գալը ի՞նչ է տալու: Եթե, ասենք, էսօր ազգովի հավաքվենք ու գնանք Գյումրիի փողոցներում գորգոռանք, ի՞նչ ենք փոխելու… տեղացիներն անում են, ու իրենց արածները դեռ հասկանալի է: Հիմա ի՞նչ անենք, Սյունիքից վեր կենանք 600 կմ, գանք, գորգոռանք, ի՞նչ է փոխվելու, իրենք իրենց խնդիրն անում են:
Ես ուղղակի չեմ ցանկանում գնահատականներ տալ փողոց դուրս գալուն կամ դուրս չգալուն, բայց այն, որ սյունեցիները գյումրեցիների հետ ողբում են, դա իրողություն է: Այս պահին սյունեցիներն էլ են ողբում այդ դեպքի համար, իրենք էլ իրենց տեղում են իրենց ցավակցությունը հայտնում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ