ՀՀ ոստիկանապետի տեղակալը պետք է ապացուցի ասածը կամ հրաժարվի ուսադիրներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում մեծ բողոքի ակցիաներ եղան՝ հունվարի 12-ին անմեղ ընտանիքի սպանդն իրականացրած Վալերի Պերմյակովին Հայաստանում քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Գյումրեցիները գլխավոր դատախազության շենքի առջև պահանջում էին հայ իրավապահներին հանձնել հանցագործին, ով այս պահին գտնվում է ՌԴ իրավապահների իրավազորության ներքո:

Բողոքի ցույցերն ավարտվեցին բախումներով, բնակիչների զայրույթն անհնար էր զսպել: Սակայն ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, ով դժգոհող հավաքված քաղաքացիներին որակեց «ամբոխ», «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է, թե. «Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր: Խմցրին ժողովրդին ինչ-որ մարդիկ, որից հետո ամբոխն անկառավարելի դարձավ: Մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, ինչն էլ բերեց նրան, ինչ որ եղավ»:

Նախ նկատենք, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լյովա Երանոսյանը երեկվա հավաքի ժամանակ այնտեղ չի եղել: Թե ինչ հիմքով է նման պատասխանատու հայտարություն անում, դժվար է հասկանալ: Ու քանի դեռ ՀՀ ոստիկանությունը հստակ, անհերքելի փաստերով լի հայտարարությամբ չի ապացուցել, որ իսկապես ցուցարարների 80 տոկոսը հարբած է եղել, ուրեմն Երանոսյանի այդ խոսքերը պետք է համարել անպատասխանատու հայտարարություն, որն անպատվաբեր է գեներալի համար: Ի դեպ, այդ հայտարարությունը դարձյալ կարող է կրքեր բորբոքել:

Այնուամենայնիվ, Armlur.am-ը փորձեց մասնակիցներից պարզել, թե որքանով են արդարացի Երանոսյանի այս խոսքերը:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով երեկ երեկոյան ներկա է եղել Գյումրիում ծավալված իրադարձություններին, Armlur.am-ի հարցին՝ իսկապես ներկաների 80 տոկոսը կարող էր հարբած լինել, պատասխանեց. «Տոկոսային առումով չեմ կարող ասել, սակայն կար մի զանգված, ովքեր արհեստական լարվածություն էին ստեղծում ու փորձում պահել այն: Դա փաստ էր, ու դա բոլորս տեսանք»:

Մեր հարցին, թե մարդիկ հարբա՞ծ էին բոլորը, Գրիգորյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, կոնկրետ սադրիչներ կային, ովքեր նկատում էին, որ մեր խոսքից մարդիկ հանգստանում էին, սկսում էին նորից արհեստականորեն շեղել մարդկանց դեպի իրենց: Դե՛, նրանց կարելի է հարբած սադրիչ անվանել»:




Լրահոս