«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ես՝ որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ այս պահանջով միանշանակ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին»,- այս խոսքերի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է: Նրա այդ պատասխանատու հայտարարությունը հնչել է հունվարի 15-ին Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց` ի պատասխան ցուցարարների այն պահանջի, որ գյումրեցի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ՌԴ զինծառայողը պետք է անպայման ՀՀ օրենսդրությամբ եւ մեր դատարանում դատապարտվի:
Սակայն երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ»-ին պատասխանել են, որ ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ իր գործընկերոջը կդիմի այն ժամանակ, երբ նախաքննության ընթացքում ինչ-որ խնդիրներ առաջանան, իսկ մինչ այդ չի պատրաստվում նամակ գրել: Սա այլ կերպ, քան խայտառակություն, հնարավոր չէ որակել: Փաստորեն, ՀՀ ամենաբարձր պաշտոններից մեկը զբաղեցնող անձը, քաղաքացիների պահանջներին ի պատասխան, մի հայտարարություն է արել, կոնկրետ խոստում տվել, բայց իրականում մարդկանց խաբել է:
Բա էլ ո՞ւր մնաց «տղամարդու խոստումը»: Թեեւ մյուս կողմից էլ դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Կոստանյանն անձամբ Գյումրիում իրադարձությունների ողջ ծանրությունը չվերցներ իր ուսերին՝ մինչ կեսգիշեր այնտեղ մնալով: Այն դեպքում, երբ անգամ Շիրակի մարզպետն էր ընդհատակ անցել»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: