«Առաջին լրատվական»-ը զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ։
–Սրբազան, ափոփենք երեկ Գյումրիում տեղի ունեցածը: Դուք փորձում էիք այդ ցասումը զսպել, սակայն պայթյուն դուրս եկավ: Գուցե պետք էր առաջնորդել քաղաքապետի, առաջին դեմքերի՞ մակարդակով, որ դա տեղի չունենար:
–Քաղաքապետը, դժբախտաբար, բացակայում էր և վերջին պահին եկավ հասավ, նրան պետք չէ որևէ բան ասել: Փորձեցինք զսպել այդ ցասումը, ցանկացած ցասում էլ հնարավոր է զսպել, երբեմն զսպել կարելի է թնդանոթներով, երբեմն էլ՝ առանց թնդանոթների: Ցանկացած ցասում էլ հնարավոր է զսպել, բայց այնպես պետք է զսպես, որ զոհեր չունենաս: Թեև 14 վիրավոր ունեցանք, բայց գոնե լավ է, որ զոհ չունեցանք:
–Շատ է խոսվում այն մասին, որ եթե աշխարհիկ կամ հոգևոր առաջնորդները առաջնորդեին հարազատներին. գուցե այս վիճակը չէր ստեղծվի:
–Հարազատները չեն եղել այս ամենի մեջ, հարազատները չեն հեղինակը, հարազատներն իրենց վշտի մեջ են, նրանք չեն այս ցույցերի հեղինակները: Այդ ամբողջ ընթացքում հարազատները եկեղեցում են եղել: Սա հարազատից դուրս չի եկել, սա ուրիշ տեղից է դուրս եկել: Եթե ուզեք՝ լավ էլ կտեսնեիք, թե ովքեր էին դրա նախաձեռնողները:
–Այսինքն՝ պրովոկատորնե՞ր կային:
–Ոչ թե պրովոկատորներ, այլ արկածախնդիր մարդիկ: Պրովոկատոր նշանակում է հատուկ առաջադրանք կատարող: Ես չեմ ասում, որ նրանք հատուկ առաջադրանք էին կատարում, ուղղակի բախտախնդիր մարդիկ էին, որոնք սիրում են այդպիսի բաներ: Ասում են՝ գայլին ի՞նչ է պետք՝ մութ գիշեր: Հիմա արկածախնդիր մարդուն ի՞նչ է պետք՝ մի բան, որ սկսի իր միտինգները նույն ջարդած բարձրախոսով:
–Գյումրեցին միշտ պաշտպան է տեսել 102-րդ բազայի մեջ, հիմա ստացվում է ճիշտ հակառա՞կը:
–Այստեղ պաշտպանի հարց չկա, ինքը զինվոր սիրող ժողովուրդ է եղել, և հույս ունենք՝ դեռ կմնա, եթե Ռուսաստանը ճիշտ մոտեցում ցուցաբերի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում