ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ԲՈՂՈՔԱՐԿԻ
ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը, ամենայն հավանականությամբ, չի բողոքարկի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է  Մ. Օհանյանի շահերի ներկայացուցիչ Մկրտիչ Վասակյանը. «Չնայած դեռ մեկ օր կա բողոքարկման համար, սակայն չեմ կարծում, թե ինչ-որ քայլ կարվի»: Հիշեցնենք, որ ՀՀ ՃՈ նախկին պետ Մ. Օհանյանը ձերբակալվել է նախորդ տարի օգոստոսին, իսկ այս տարվա մայիսի 30-ին դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ իրեն վստահված գույքը յուրացնելու եւ պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու մեղադրանքով:

ՕՐԻՆԱԽԱԽՏ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ
ՀՀ արդարադատության խորհուրդը հունիսի 29-ին բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը` Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վարդան Գրիգորյանին եւ Վլադիմիր Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Վարդան Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում, իսկ Վլ. Գրիգորյանին` նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Դատավորները պատասխանատվության են ենթարկվել ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին 2011թ. մայիսի 26-ի ՀՀ ԱԺ որոշումը սխալ կիրառելու համար: Մասնավորապես դատավոր Վլ. Գրիգորյանը համաներման ակտը կիրառել է պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտող անձի նկատմամբ, իսկ դատավոր Վ. Գրիգորյանը պատժից ազատել է այն անձին, ում նկատմամբ այն կիրառելի չէր:

ԻՆԵՐՑԻԱ
Մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության եւ միջակայքերի մասին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է երթուղային նոր ցանցի կիրառմանը զուգահեռ ներկայացնել համակարգերի վերաբերյալ համապատասխան ծրագիր: Հիշեցնենք, որ այս ծրագիրը կյանքի էր կոչել նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է
Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում երեկ՝ գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում,  քաղաքապետարանի շենքի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել: Վնասվել է 29-ամյա Լաերտ Ավագյանի կրծքավանդակի աջ կեսը: Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր եւ անմիջապես տեղափոխել Երեւան: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ Լաերտ Ավագյանը Վանաձորի կենտրոնում գործող «Վան» հագուստի խանութի սեփականատերն է: Թե ով է նրան դանակահարել, դեռ պարզ չէ:

ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ
«ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունն իրականացրել է իր առջեւ դրված բոլոր խնդիրները Ստրասբուրգում կայացած ամառային նստաշրջանի ընթացքում»: Այդ մասին NEWS.am-ին ասել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-ի մասին զեկույցին, ըստ Հարությունյանի՝ զեկույցում որեւէ նոր բան չի ասվել, այն եղել է տարբեր երկրների ավելի վաղ զեկույցների ամփոփումը:

ՎԵՐԸՆՏՐՎԵՑ
«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը երեք նոր անդամներ են համալրել: Նաեւ վերընտրվել են ընկերության հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկոն, խորհրդի փոխնախագահ Դմիտրի Զուբովը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Մեծ Բրիտանիայի կառավարության առեւտրի եւ ներդրումների հատուկ ներկայացուցիչ Ռոջեր Մանինգսը եւ կորպորացիայի նախագահ Միխայիլ Շամոլինը: Նշենք, որ Ռ. Քոչարյանը վերընտրվել էր նաեւ 2011թ. հունիսին:




Լրահոս