Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը ցնցել էր ողջ հայ ժողովրդին: Այն առիթ դարձավ, որ գյումրեցիներն ինքնաբուխ ակցիաներ անցկացնեն՝ պահանջելով Հայաստանին հանձնել ընտանիքի վեց անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովին:
Մայրաքաղաք Երևանից և այլ քաղաքներից Ավետիսյանների անդամների հոգեհանգստի արարողությանն ու հուղարկավորությանը ներկա լինելու համար Գյումրի էին այցելել հազարավոր մարդիկ, սակայն այդպես էլ հարկ չհամարեցին Գյումրի մեկնել հենց այդ քաղաքից ընտրված պատգամավորներից շատերը: Մի քանի օր շարունակ գյումրեցիների կողքին է եղել միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Այնտեղ է եղել նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ հուղարկավորությանը մասնակցելով: Իսկ մյուս պատգամավորներից չկա ոչ մի լուր:
ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը, որ տարիներ շարունակ ներկայացնում է Գյումրին ՀՀ խորհրդարանում, կարծես ընդհատակում լինի. նույնիսկ հեռախոսն է անջատել: Իր հայրենակիցները ոստիկանների հետ բախումների մեջ էին, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչը տաքուկ՝ տանը:
«Սովրանո» ընկերության սեփականատեր, գործարար պատգամավոր Արման Սահակյանը եւս «անհետ կորածների» շարքում է: Նա մեկ ընտրվելու ժամանակ էր իր ընտրատարածքում լինում, մեկ էլ երեւում է գովազդային հոլովակների համար անհրաժեշտ կադրեր ունենալու ժամանակ: Որտե՞ղ էր Արման Սահակյանը, երբ գյումրեցիների նկատմամբ արցունքաբեր գազ էր կիրառվում եւ վիրավորվեցին տասնյակ մարդիկ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աներորդի Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշ, եւս չկա: Իր ընտրողներին միայնակ թողել էր ուժայինների ձայնային նռնակների տակ: Փոխարենն այս օրերին նա առավել կարեւոր գործով է զբաղված. Իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառի տաղավարների վարձավճարներն է բարձրացնում՝ հարուցելով առևտրականների դժգոհությունն ու արժանանալով անպատիվ խոսքերի, համեմատվելով ընդհուպ մինչեւ թուրքերի հետ:
Վախից անհասկանալի վայրերում էր հայտնվել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանը. թեև նրա ընտրողներն ուղիղ գյումրեցիները չեն ամբողջությամբ, սակայն նա եւս պաñտավոր էր որպես ժողովրդի ներկայացուցիչ լինել ոստիկանների եւ քաղաքացիների արանքում՝ ինչպես Մաñտուն Գրիգորյանը կամ էլ` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Բացի Գյումրիից ընտրված այս պատգամավորներից, կան նաև այլ օրենսդիրներ, որոնք ծնունդով Շիրակի մարզից են: Օրինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը. թեև նա Գյումրիից չի ընտրվել, սակայն ծնվել է Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում: Նա բավարարվեց միայն հենց ոճրագործության օրը՝ հունվարի 12-ին սոցիալական կայքում հետևյալ գրառումը կատարելով. « Էս վիժվածքին ո՞նց են զինված ուժեր զորակոչել: Գյումրեցիք կասեին «թելը բգին կայնած օչխար»: Հ.Գ. Տականքը ազգություն չի ճանաչում: Քաղաքական ընդհանրացումներն ավելորդ են»: Գյումրի գնալու փոխարեն, արդեն հունվարի 13-ին, նա նույն սոցիալական ցանցի իր էջում արդեն ձեւացնում էր, թե լուրջ աշխատում է՝ ներկայացնելով նոր օրենսդրական նախաձեռնության մասին տեղեկություն: Իհարկե, վիրտուալ դաշտում, թանկարժեք բազմոցին նստած տաք թեյ խմելիս հեշտ է աշխատանքի իմիտացիա անելը. Իսկ ո՞վ պետք է իրականում գործ անի:
Գյումրի քաղաքում է ծնվել նույն խմբակցության երիտասարդ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով այս ծանր օրերին ևս անհետ «կորել» է: Դե իհարկե, Գյումրին Ստրասբուրգը չէ, որ Նաիրա Կարապետյանը մեծ էնտուզիազմով հավաքի ճամպրուկն ու այն ժպիտով շտապի օդանավակայան՝ պետության հաշվին ճամփորդելու: Այստեղ իրական գործ կար անելու, ուստի նա եւս չկար:
ԱԺ իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր Սամվել Նիկոյանը ծնվել է Շիրակի մարզում, բայց փափուկ կյանք է վարում մայրաքաղաքում՝ հասցնելով որդուն՝ տեղավորել բարձր պաշտոնների: Նա ներկա է եղել հուղարկավորությանը, սակայն բախումներին հետևել է միայն կողքից:
Համաձայնեք՝ ամոթալի իրավիճակ է: Կարո՞ղ է ռուսները պատգամավորներին զրկել էին մեր ցավը սգալու համարձակությունից ու ոճրագործին արժանի պատիժ տալու իրավունքի մասին բարձրաձայնելուց: Բնականաբար, ոչ: Պարզապես թասիբ չունենք:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ 2-ամյա դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:
Մեղադրյալը ռուս զինվորական Վալերի Պերմյակովն է, ով ձերբակալվել էր նույն օրը հայ-թուրքական սահմանի մոտ: Նրան մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաև ՀՀ Քննչական կոմիտեում:
Նաիրա Հովհաննիսյան