«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների իրականացման համար Եվրոպայի պահանջով քաղաքական լայն կոնսենսուս ձեւավորելու պահանջին, ինչպես երեւում է՝ իշխող Հանրապետական կուսակցությունը ձեռնամուխ է եղել իրեն հավատարիմ՝ ստվերային բանակցությունների եւ քաղաքական առուծախի ոճով՝ գաղտնի հյուրընկալություններ կազմակերպելով նախագահական նստավայրում:
Քանի որ Սերժ Սարգսյանի նախանշած վերջնաժամկետը՝ մինչեւ փետրվար-մարտ ամիսը, հարկավոր է լեզու գտնել հնարավորինս շատ թվով ուժերի հետ կոնսոլիդացիան ապահովելու համար՝ ի հակակշիռ այդ փոփոխություններին դեմ ոչ իշխանական բեւեռում հավաքվածների, որոնց առանցքը Գագիկ Ծառուկյանն է՝ իր ԲՀԿ-ով:
Իսկ փոփոխությունների հայեցակարգը խնդրահարույց է դարձել առաջարկվող խորհրդարանական մոդելի պատճառով, ընդդիմախոսները համարում են, որ նոր մոդելով Սերժ Սարգսյանը պլանավորել է երկարաձգել իր իշխանությունը՝ դառնալով խորհրդարանի ղեկավար:
Թերեւս մոտ ապագայում ՀՀԿ-ի «գրուպպա պադդերժկան»՝ ի թիվս գզրոցներում հայտնված կուսակցությունների, հերթով-շարքով-կարգով հայտարարությունների տարափ կստեղծեն: Բնականաբար, մեկնարկն էլ կտրվի ՀՀԿ-ին միաձուլված կուսակցությունների կողմից՝ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն», ՄԻԱԿ, ՀԺԱՄ, Սպարտակ Մելիքյանի «Ժողովրդավարություն եւ աշխատանք», Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ եւ այլն«:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: