Ո՞ւր մնաց «տղամարդու խոստումը». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ես՝ որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ այս պահանջով միանշանակ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին»,- այս խոսքերի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է:

Նրա այդ պատասխանատու հայտարարությունը հնչել է հունվարի 15-ին Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց` ի պատասխան ցուցարարների այն պահանջի, որ գյումրեցի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ՌԴ զինծառայողը պետք է անպայման ՀՀ օրենսդրությամբ եւ մեր դատարանում դատապարտվի:

Սակայն երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ»-ին պատասխանել են, որ ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ իր գործընկերոջը կդիմի այն ժամանակ, երբ նախաքննության ընթացքում ինչ-որ խնդիրներ առաջանան, իսկ մինչ այդ չի պատրաստվում նամակ գրել: Սա այլ կերպ, քան խայտառակություն, հնարավոր չէ որակել: Փաստորեն, ՀՀ ամենաբարձր պաշտոններից մեկը զբաղեցնող անձը, քաղաքացիների պահանջներին ի պատասխան, մի հայտարարություն է արել, կոնկրետ խոստում տվել, բայց իրականում մարդկանց խաբել է:

Բա էլ ո՞ւր մնաց «տղամարդու խոստումը»: Թեեւ մյուս կողմից էլ դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Կոստանյանն անձամբ Գյումրիում իրադարձությունների ողջ ծանրությունը չվերցներ իր ուսերին՝ մինչ կեսգիշեր այնտեղ մնալով: Այն դեպքում, երբ անգամ Շիրակի մարզպետն էր ընդհատակ անցել:

Ի դեպ, նկատենք նաեւ, որ Կոստանյանը հետաքրքիր բառախաղ է անում՝ ասելով, թե Պերմյակովը պատասխանատվություն կկրի ՀՀ տարածքում. բանն այն է, որ այսօր արդեն իսկ ռուս քննիչների կողմից իրականացվող քննությունը նրա մասով հենց ՀՀ տարածքում է լինում եւ դեռ կշարունակվի: Այլ հարց է, թե ինչ է լինելու ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված քրգործը, եւ վերջապես այն, թե դատապարտվելուց հետո ինչ է լինելու 6 հոգանոց ընտանիքին սպանած զինվորի ճակատագիրը, որտե՞ղ նա կկրի իր պատիժը: Այս հարցերի պատասխանը դեռ չկա:




Լրահոս