ՆՐԱՆ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՓՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012-ի փետրվարի 5-ին իր ծառայակցի կողմից սպանված Մարատ Դիմաքսյանի ծնողները դեռ չեն հաշտվել այդ դաժան կորստի հետ: Իսկ զինվորի հարեւանները վստահ են, որ Մարատին կարող էին փրկել: Նշենք, որ սպանողն այժմ կալանքի տակ է գտնվում:
Իսկ ի՞նչ է եղել: 2012թ. փետրվարի 5-ին ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակել եւ աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին, որը զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Այժմ Գոռ Ալավերդյանը գտնվում է կալանքի տակ:
Իսկ մահացած Մարատը ծնունդով Լոռու մարզի Վահագնի գյուղից էր: Մեզ հետ զրույցում Վահագն համայնքի ղեկավար Պետրոս Քոչինյանն այսպես բնութագրեց Մարատին. «Խուլիգան չէր, խելոք էր: Նրան ամբողջ գյուղն էր սիրում: Հիմա բոլորն էլ ցավում են»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Մարատի հարեւանների հետ, որոնք նշեցին. «Նա թիակի մասում հրազենի վնասվածք է ստացել, սակայն բուժօգնություն չեն կարողացել ցույց տալ, քանի որ դիրքերում նման պայմաններ չկան, հետո էլ որոշել են տեղափոխել Ստեփանակերտ, իսկ 4 ժամ ո՞վ կարա դիմանա, մինչեւ կտեղափոխեն հիվանդանոց: Մարատն արնահոսել ա, եւ դա ա եղել պատճառը, որ մահացել ա, թե չէ ասում են` իրան հնարավոր կլիներ փրկել»:
«Մարատը շատ պարտաճանաչ, կազմակերպված եւ բավականին խելացի տղա էր: Լինում էր, որ ծուլանում էր, բայց մաթեմատիկան շատ լավ էր սովորում»,-մեզ հետ զրույցում ասաց Մարատի մաթեմատիկայի ուսուցչուհին` Աղունիկ Ներսիսյանը, որը միաժամանակ նաեւ նույն գյուղի դպրոցի տնօրենն է: Նրա խոսքերով՝ դասարանի ամենակազմակերպված երեխաներից մեկն էր: Մարատը հատկապես սիրել է հումանիտար առարկաները, այդ պատճառով էլ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
«Ընտանիքի անդամները շատ համեստ ու խելոք են: Գյուղում ոչ ոք չի համարձակվի նրանց հասցեին ինչ-որ վատ բան ասել, քանի որ բոլորն էլ նրանց հարգում են»,-ներկայացրեց ուսուցչուհին: Մարատի ծնողները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ, իսկ նրա եղբայրներից մեկն այս տարի ավարտել է դպրոցը, մյուսը փոխադրվել է 5-րդ դասարան: Այժմ նրանց ընտանիքը բաղկացած է 6 հոգուց:
«Այդ դեպքից հետո նրանց հետ մի քանի անգամ հանդիպել եմ, բայց նկատում եմ, որ չեն կարողանում հաշտվել այդ դաժան մտքի հետ: Ուզում էր մանկավարժ դառնալ: Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ այդ ուղղությամբ է ուզում շարունակել: Նրա լեզուն, խոսքը լավն էր, աշխույժ էր: Ընդհանուր լավ մարդ էր»,-տխրությամբ նկատեց տիկին Ներսիսյանը: Ուսուցչուհին չկարողացավ մի պատմություն հիշել՝ Մարատի հետ կապված, սակայն հպարտությամբ ընդգծեց, որ իր նախկին աշակերտը մյուսներից տարբերվում էր գերազանց սովորելով: Դեռ այն ժամանակներում տիկին Ներսիսյանը վստահ էր, որ Մարատը, երբ մեծանար, դառնալու էր մեծ մարդ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս