Հունվարի 15-ին՝ Գյումրիում նահատակված Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից եւ դրան հետեւած բախումներից հետո, երեկ ոչ իշխանական դաշտի ուժերը քաղխորհրդի նիստեր են արել, քննարկել կատարվածը եւ հանդես եկել հայտարարություններով: Մասնավորապես ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը տարածել են գրեթե նույնաբովանդակ կոչերով տեքստեր` ուղղված ՀՀ իրավապահ համակարգին եւ ժողովրդին, որում, բնականաբար, հատուկ ընդգծված է հակառուսական տրամադրությունների սերմանման անթույլատրելիությունը:
ԲՀԿ-ի հայտարարության միակ տարբերությունը, թերեւս, այն է, որ դրա սկզբում հիշատակվում է ԲՀԿ-ական, Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանի` հունվարի 15-ին ունեցած դերակատարությունը լարվածության թուլացման հարցում: Սակայն հենց այդ հիշատակումն էլ շատերի մոտ առաջացնում է հարցը` իսկ ո՞ւր էր ինքը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով հավակնում է երկրի նախագահի պաշտոնին, ո՞ւր էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ո՞ւր էին ընդամենը երեք ամիս առաջ Գյումրիում կազմակերպված հանրահավաքում որպես ազգի փրկիչներ ներկայացած «եռյակի» «դուխով», «ջիգյարով» եւ «թասիբով» ներկայացուցիչները, որոնք գյումրեցիներին հավաստիացնում էին, որ նրանց կողքին են լինելու ե՛ւ լավ, ե՛ւ վատ պահերին:
Նրանց պոստֆակտում ընդունած հայտարարությունները գրոշի արժեք չունեն, քանզի եթե նրանք իրապես մտահոգ էին հնարավոր բախումների համար եւ համակարծիք գյումրեցիների բարձրացրած, իրենց իսկ խոսքով` «արդարացի պահանջներին», ապա պետք է որ լինեին ողջ օրն արդարություն պահանջող գյումրեցիների կողքին: Եթե հունվարի 15-ին սգավոր թափորի երթի առաջին շարքերում լինեին Գ. Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ա. Բաղդասարյանը եւ Արմեն Ռուստամյանը, գուցե այդ բախումները չլինեին, ե՛ւ ժողովուրդն ավելի սթափ կլիներ, ե՛ւ ոստիկանները` ավելի զուսպ: Մինչդեռ նրանք իշխանություններից ոչնչով չտարբերվելով (սրանցից գոնե Աժ նախագահն ու երկու նախարար ներկա էին), իրենց տաքուկ գրասենյակներում նստած՝ հետեւում էին եւ հավանաբար հաշվարկում, թե այս ամենի ընթացքում որքանով է բացվում իրենց ճամփան դեպի Ս. Սարգսյանի՝ այնքան բաղձալի աթոռը:
Իրենց այլընտրանք, ժողովրդի հույս ներկայացնող այս ոչ իշխանականները գոնե կարող էին իրենց երիտթեւերին ուղարկել, օրինակ, Ազատության հրապարակում կազմակերպված մոմավառությանը կամ նախագահականի առաջ ընթացող բողոքի ակցիային: Բայց ոչ, ինչու ավելորդ տեղն աչքի ընկնել, եթե դա առանց իրենց էլ անում են «գրանտակերները»: Իրենք ավելի լավ է` նիստեր հրավիրեն եւ ճոռոմաբառ տեքստեր հրապարակեն, ով գիտե, թե ինչ կլինի առաջիկայում: Ինչու, ուրեմն, ավելորդ տեղը «ջղաձգվել», ի վերջո, իրենց իշխանություն տվողը հո գյումրեցիները, ՀՀ քաղաքացիները չեն, որ նրանց «սիրտը շահեն»: Իրենց իշխանություն տվողը (եթե, իհարկե, տան) ռուսներն են, որոնք շատ զգայուն են նման ազգասիրական «ջղաձգումների» հանդեպ: