Ռուսները, ինչպես միշտ, իրենց հիմարի նման են պահում. ռուս պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը շարժել է յուրաքանչյուր բանական մարդու զայրույթն ու ցասում առաջացրել:

Ռուս զինվորի կատարած հանցագործության համար Հայաստանում պատիժը կրելու անհրաժեշտության պահանջով փողոց դուրս եկած բազմահազար գյումրեցիների դժգոհությունը եւ 14 վիրավորները, իրենց զոհաբերելով, սթափության կոչ արեցին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին: Գյումրի քաղաքում տեղակայված ոուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի արարքը չեն հասկանում եւ աններելի են համարում անգամ Ռուսաստանի Դաշնությունում:

«Ժողովուրդ» օրաթերթն այս իրադարձությունների զարգացման ու հայ-ռուսական հարաբերությունների վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ զրուցեց ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Յարսլավլի 6-րդ գումարման մարզային դումայի պատգամավոր Բորիս Նեմցովի հետ:

-Պարո՛ն Նեմցով, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ Գյումրիում սկսված իրադարձությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա:

-Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հետագա հարաբերությունները կախված են այն բանից, թե ինչով կավարտվեն Գյումրիում սկսված իրադարձությունները: Ռուսները չեն ցանկանում ընդառաջ գնալ Հայաստանի իշխանությունների արդարացի պահանջներին:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցի ներկայացուցիչները, այս դեպքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, չեն ցանկանում սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատությանը:

-Ռուսները, ինչպես միշտ, իրենց հիմարի նման են պահում: Օգտվում են այն հանգամանքից, որ Հայաստանը տնտեսապես ու Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով ռազմական առումով կախված է Ռուսաստանի Դաշնությունից: Կարծում եմ, որ ռուս զինվորականների նման վարքագիծը ստորացնում է հայ ժողովրդին, սա նրանց կողմից հիմար ու մեծամիտ քայլ է:

-Հայաստանի Հանրապետության իշխանությունները հունվարի 12-ից սկսած գրեթե լուռ են: Ըստ ձեզ՝ ի՞նչ պետք է անեն Հայաստանի Հանրապետության իշխանություններն այսօր:

-Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է թուլամորթ չլինեն ու պահանջեն Ռուսաստանի Դաշնության իշխանություններից, որպեսզի Հայաստանի տարածքում հանցանք կատարված հանցագործին դատեն հենց Հայաստանում, այդ երկրի օրենսդրության համաձայն:

-Այս օրերին բազում կարծիքներ են հրապարակվում տեղի ունեցած հանցագործության եւ դրան հաջորդած զարգացումների մասին: Դուք հավանական համարո՞ւմ եք վարկածն առ այն, որ Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության հետեւում կանգնած է երրորդ ուժ կամ երրորդ պետություն:

-Լիակատար հիմարություն է, նրանք ամենուր ու ամեն ինչում Ամերիկա են տեսնում, ո՞ւմ է դա այնտեղ պետք: Դա պուտինյան լրատվամիջոցների ապատեղեկությունն է: Եղե՛ք ավելի խելամիտ, չէ ո՞ր դուք հայեր եք:

Զրուցեց Տաթև Ֆռանգյանը




Լրահոս