Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություն է ստանում «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցներից: Նրանց պնդմամբ՝ իրենք գրեթե մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել: Ի դեպ, աշխատավարձ չստացածների ցանկում են ոչ միայն հիվանդանոցի մաքրուհիները, այլեւ բուժքույրերը: Դժգոհող աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հիվանդանոցի աշխատակիցների մի մասը վերջերս ստացել է 2014 թվականի փետրվար ամսվա աշխատավարձը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշված հիվանդանոցի տնօրեն Արթուր Թամազյանն ասաց. «Այն, որ աշխատակիցները ստացել են նախորդ տարվա փետրվար ամսվա աշխատավարձը, դա իրականությանը չի համապատասխանում: Բայց բաժիններ կան, որոնք հետ են, եւ իրենք ստացել են նախորդ տարվա նոյեմբեր ամսվա աշխատավարձը: Գումարը չի բավարարում»:
Ըստ Թամազյանի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը խնդրի մասին տեղյակ է: «Մեզ ուղարկում են բանկ՝ վարկ վերցնելու: Բայց բանկը վարկ չի տրամադրում աշխատավարձերը փակելու նպատակով: Այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»,-անհասկանալի հանգստությամբ ասած հիվանդանոցի աշխատանքները տապալած Թամազյանը: