Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանավորման սանկցիա է տվել Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի որդուն՝ Ռուստամ Սարգսյանին: Հիշեցնենք, որ այս անձնավորությունը մեկ անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Տարիներ առաջ Ռուստամ Սարգսյանի եւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի միջեւ տեղի ունեցած ընդհարումը թերեւս շատերը կհիշեն, երբ Գյումրու կենտրոնական փողոցներում այս երկուսը կրակահերթ էին բացել միմյանց վրա: Կրակոցներից տուժել էր այդ ամենի հետ բոլորովին կապ չունեցող մի քաղաքացի: Այս ընդհարումից հետո երկուսն էլ ձերբակալվեցին՝ իհարկե, կարճ ժամանակ անց ազատության մեջ հայտնվելու պայմանով:
Եւ այսպես, հերթական դեպքը դարձյալ կապված է Ռուստամ Սարգսյանի անվան հետ, սակայն այս անգամ նրա մտերիմները եւ շահերի պաշտպանը գործը համարում են պատվիրված: Ռ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք պահելու մեջ: Նրա անունը կապվում է վերջերս տեղի ունեցած կրակոցների հետ: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ ընդհարվել էին ՇՄ քննչական բաժնի արդեն նախկին պետ Կարուշ Թովմասյանի փեսան եւ Շիրակի շինարարական կազմակերպությունների միության ղեկավար Արտաշես Սարգսյանի փեսան: Գործում ուշագրավն այն է, որ վերոհիշյալ ընդհարումը տեղի է ունեցել հունիսի 10-ին, սակայն Ռ. Սարգսյանի նկատմամբ համապատասխան մարմինները մեղադրանք են առաջադրել հունիսի 9-ին:
«Ոչ մի հիմնարար իրավունքներ դատավորը չապահովեց պաշտպանական կողմին: Անգամ բացարկ հայտնելու հնարավորություն չէր տալիս: Մեզ չէր տալիս նյութերը, որ ծանոթանայինք: Ավելին ասեմ, դատավորն անգամ որոշում կայացրեց, որը չէր կարող իրագործել: Որոշեց, որ ոստիկանները պետք է դատարանի դահլիճից դուրս գան, բայց մոտ կես ժամ չէր կարողանում ոստիկաններից գոնե մեկին դատարանի դահլիճից դուրս հանել»,-դատական նիստից «Ժողովուրդ»-ին մանրամասներ փոխանցեց Ռ. Սարգսյանի փաստաբան Արա Զաքարյանը:
Նիստը տեւել է ավելի քան 4 ժամ, եւ այդ ընթացքում, փաստաբանի պնդմամբ, իր պաշտպանյալի մեղավորությունը չի հաստատվել: Արագացված դատաքննությանը մասնակցել են մեծ թվով ոստիկաններ ինչպես քաղաքային, այնպես էլ մարզային կառույցներից, որոնք այդպես էլ չեն ցանկացել մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված իրենց ներկայությունը դատարանում: Թե ինչ հիմնավորմամբ են կալանավորել Արտաշես Սարգսյանի որդուն, փաստաբանի համար այդպես էլ պարզ չի դարձել, ուստի նա պնդում է, որ գործը «սարքված» է եւ բերում է իր հիմնավորումները:
«Տուժող չկա, սա հարցի մի կողմն է: Չես հասկանում՝ ինչ չափանիշներից ելնելով է քննչական մարմինը դա դիտում որպես սպանություն: Այսօր քննիչն ասում է չէ՝ ներողություն, որպես էդպիսին՝ դեպքը տեղի է ունեցել ոչ թե ամսի 9-ին, այլ ամսի 10-ին: Կան որոշակի պաշտոնյաներ՝ թե՛ նախկին, թե՛ ներկայիս, ոստիկանության համակարգի աշխատակիցներ, որոնք ամեն ինչ անում են, որ Ռուստամ Սարգսյանին ապօրինաբար ազատությունից զրկեն, նրա նկատմամբ ձեւական, կեղծ ապացույցներ հավաքեն»,-ասում է Արա Զաքարյանը:
Գուցե սրանով փաստաբանը ցանկանում է քաղաքական աստառ տալ կատարվածին, քանի որ Ռ. Սարգսյանի հայրը ԲՀԿ անդամ է: Ինքը՝ Արտաշես Սարգսյանը, եւս պնդում է, որ իր որդին անմեղ է. «Ամբողջ կյանքս նվիրել եմ պետական աշխատանքին, բայց չէի կարծում, որ մեր պետությունում, մեր քաղաքում նման անօրինականություն կլինի: Ես զարմացած եմ: Ես՝ որպես հայր, ասում եմ՝ եթե իմ տղան հանցանք ու զանցանք է կատարել, թող պատժեն օրենքով, օրենքի չափով, ոչ թե քննված, կեղծ վկաներով, որոնք չներկայացան, չբերվեցին առերեսման: Ուղղակի խայտառակություն էր»:
Գյումրի