ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի` ազդեցության համար կռիվը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն մեկ ամիս ժամանակ ունի, որ կարողանա հող նախապատրաստել, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա հայտարարել սահմանադրական հանրաքվեի գործընթացը շարունակելու մասին: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ իր ղեկավարի տեսակետը կհրապարակվի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին:

Սերժ Սարգսյանի հաստատմանը ներկայացված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացության մեջ ուղղակի նշված է, որ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի սահմանադրական փոփոխությունների շուրջ խորհրդարանական ուժերի եւ, ընդհանրապես, քաղաքական դաշտի՝ հնարավորինս մեծ կոնսոլիդացիա ապահովեն: Այսինքն՝ որպեսզի Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների մասին խոսի, մինչ այդ իշխանությունները պետք է քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի պատրանք ստեղծեն:

Խորհրդարանական ուժերի մասով խնդիրը, կարելի է ասել, լուծված է: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ից բացի Աժ-ում կա եւս 5 խմբակցություն: Դրանցից ՕԵԿ-ի հարցը քննարկելու կարիք չկա, երբ իշխանությունները հրահանգեն, այս կուսակցության ղեկավարությունը կհայտարարի, որ Հայաստանի փրկությունը սահմանադրական փոփոխությունների մեջ է: ՀՅԴ-ն ի սկզբանե ասել է, որ կողմ է սահմանադրական փոփոխություններին: Ավելին՝ դաշնակցությունն արդեն իսկ հրապարակել է սահմանադրական փոփոխությունների առնչությամբ իրենց կուսակցության մոտեցումը, որում ներկայացված են նրանց առաջարկները կոնկրետ փոփոխությունների վերաբերյալ:

«Ժառանգությունը» եւս սահմանադրական փոփոխություններին դեմ չի արտահայտվել. այս կուսակցությունը բովանդակության հետ կապված իր մոտեցումներն ունի: Իսկ բովանդակային հարցերը քննարկելու համար անհրաժեշտ է դառնալ գործընթացի մասնակից:

Ստացվում է՝ խորհրդարանի վեց խմբակցություններից սահմանադրական փոփոխություններին դեմ են արտահայտվել միայն ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցությունները: Ի դեպ, վերջինս միակ կուսակցությունն է, որի ծրագրում արձանագրված է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն ոչ թե սահմանադրական փոփոխություններին է դեմ, այլ դրանք այս փուլում կամ ոչ իր դրոշի ներքո անցկացնելուն:

Քաղաքական ուժերի «կոնսոլիդացիայի» պատրանք ստեղծելու ճանապարհին իշխանություններին պակասում են մի քանի արտախորհրդարանական, տվյալ դեպքում՝ մարդ-կուսակցություններ:

Իսկ թե քանի նման կուսակցություն ՀՀԿ-ն կներգրավի, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, թե քանի նման մարդ-կուսակցություն կմասնակցի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին:

Եթե պարզվի, որ Գագիկ Ծառուկանի հավաքի ցուցակում, ասենք, 10 կուսակցություն է գրվել, ապա ՀՀԿ-ն առնվազն 11-ը պետք է իր ցուցակում գրի: Իրականում այս խնդիրը եւս ՀՀԿ-ի համար հեշտ լուծելի է: ՀՀԿ խմբակցության կազմում այսօր առկա են վեց կուսակցություններ` «Ազգային միաբանությունը»՝ ի դեմս Արտաշես Գեղամյանի, «Սահմանադրական իրավունք» միությունը` Հայկ Բաբուխանյան, «Հզոր հայրենիք» կուսակցությունը` Շիրակ Թորոսյան, «Միացյալ ազատական ազգային» կուսակցությունը` Լեւոն Մարտիրոսյան, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունը` Սպարտակ Մելիքյան, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական» միությունը` Խոսրով Հարությունյան:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանի շուրջը կուտակված, ՀՀԿ-ն եւ վերջինիս իրենց հնազանդությունը հայտնած մարդ-կուսակցությունները, անգամ միասին վերցրած, հանրության մեծամասնության վստահությունը չեն վայելում, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի հանրության մեծամասնության հետ կապ չունեն: Տվյալ դեպքում երկուսն էլ զբաղված են իրենց շուրջ կոնսոլիդացիայի պատրանք ստեղծելով եւ, ըստ այդմ էլ, իրար հետ մրցելու են:

Հ.Գ. Գագիկ Ծառուկյանի հրավիրած ժողովը, չնայած քաղաքական կոնտեքստով է հրավիրված, սակայն որոշ կարծիքների համաձայն՝ այն իրականում այլ իմաստ եւ նշանակություն ունի: Այդ միջոցառումն ավելի շուտ լինելու է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրանտ» հյուրանոցային համալիրի ոչ պաշտոնական շնորհանդեսը: Բանն այն է, որ պաշտոնական շնորհանդեսը, որը տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերի 19-ին, ըստ մասնակիցների՝ գործնականում ձախողվել էր: Այդ միջոցառմանը հրավիրված է եղել Հայաստանի ողջ իշխանական վերնախավը՝ քաղաքական գործիչներ, գործարարներ եւ այսպես շարունակ: Սակայն իշխանական վերնախավից բացմանը մասնակցել էր միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այսինքն՝ Ծառուկյանի խնամին, իսկ գործարարներից՝ Սամվել Ալեքսանյանը: Մնացած հայաստանցի հյուրերը եղել են Ծառուկյանի դե ֆակտո ենթակաները: Գուցե այս տապալումն էլ պատճառ է դարձել, որպեսզի Ծառուկյանը մեկ այլ միջոցառում նախաձեռնի՝ թերեւս որպես իր նորակառույց հյուրանոցի «շնորհանդես»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս