
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առկա տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, առաջիկա տարում հնարավոր զարգացումներին, նախատեսվող ծրագրերին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հետագա քայլերին առնչվող հարցեր:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տնտեսության զարգացմանն ուղղված համակարգված աշխատանքների իրականացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվող աշխատանքներին, այդ համատեքստում գործարար հատվածին տարբեր գործիքակազմերով օժանդակությանը, ինչը կնպաստի դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալների աճին ու ընդլայնմանը: