«Ժողովուրդ» օրաթերթի հյուրն է երգահան ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք նրա՝ ԱՄՆ մեկնելու եւ կրկին հայրենիք վերադառնալու դրդապատճառների շուրջ:
-Պարո՛ն Պասկեւիչյան, Դուք երկար տարիներ ապրել եք ԱՄՆ-ում, ու զարմանալի է, բայց փաստ, որ վերադարձաք: Ինչո՞ւ էիք գնացել, եւ ի՞նչը Ձեզ հետ բերեց:
-Թե ինչու է զարմանալի, չեմ հասկանում… Ամբողջ աշխարհում մարդիկ ազատորեն տեղաշարժվում են: Այլ բան է, որ 1970-80-ականներին Սովետում դա գրեթե արտառոց երեւույթ էր: Հիմա այլ է, մի տարբերությամբ, որ այն ժամանակ Ամերիկան սիրով ընդունում էր Հայաստանից արտագաղթողներին (նմաններին իրենք անվանում էին փախստականներ), իսկ հիմա մերոնք են սիրով թողնում, ոմանք նույնիսկ քաջալերում են, ստեղծում արտագաղթելու նպաստավոր պայմաններ, մինչդեռ Ամերիկան ունի իր «հաշվարկները» եւ ընդունում է նրանց, ովքեր «համապատասխանում» են որոշակի պայմանների:
Ես մեկնել եմ 1980-ին, իսկ թե ինչու գնացի… Նախ ուզում էի կնոջս հետ, այժմ՝ նախկին, մեկ ամսով այցելել Լոս Անջելեսում բնակվող նրա ծնողներին, բայց երեխաներս մնալու էին Երեւանում, սակայն Սովետի համապատասխան մարմիններն ամիսներ շարունակ ձգձգում, տանում-բերում էին: Այդ ժամանակ ես, դժբախտաբար, կոմունիստ էի, նաեւ՝ հանրաճանաչ երգահան, վերջում էլ Հայաստանի Կոմկուսի կենտկոմում հասկացնել տվին, որ կարող է գնամ ու փախչեմ, այսինքն՝ մշտական մնամ այնտեղ: Բացատրեցի, որ եթե ուզենամ մշտական գնալ, ապա դրա հնարավորությունն ունեմ: Ասացին, որ ինձ մշտական ընդհանրապես չեն թողնի: Ասացի, որ ես իրենց՝ Սովետի ստրուկը չեմ եւ թույլ չեմ տա վիրավորել իմ արժանապատվությունը: Ահա եւ վերջ, մի քանի ամսվա հոգեբանական եւ այլ կարգի տառապանքներից հետո ընտանիքով մեկնեցի…
Իսկ ԱՄՆ-ից վերադառնալու պատճառները շատ էին, հենց մեկը այն, որ օտարության մեջ ոտքերիս տակ հողը չէի զգում: 24 տարի Լոս Անջելեսում ապրելու ընթացքում ամեն օր երազում տեսնում էի Հայաստանը, կատարյալ մղձավանջ, իսկ երբ այցելում էի հայրենիք որպես զբոսաշրջիկ, մղձավանջն անցնում էր: Հայրենիք վերադառնալուց հետո էլ երբեմն երազում տեսնում եմ, որ դարձյալ Ամերիկայում եմ: Ու նորից մղձավանջ… Թերեւս շատերին սենտիմենտալ թվան ասածներս, բայց դա իրոք այդպես է: Նրանք, ովքեր մշտական կամ երկար ժամանակ չեն ապրել օտարության մեջ, նրանք, որոնց համար կյանքի իմաստը հիմնականում նյութականն է, հավանաբար ինձ չեն հասկանա: Ներո՛ղ եղեք, նաեւ մի՛ մտածեք , որ ձենս տաք տեղից է գալիս: Ինձ ավելի լավ հասկանալու համար առաջարկում եմ կարդալ Համո Սահյանի «Արագիլներ» բանաստեղծությունը եւ լսել նրա հիման վրա իմ հորինած համանուն երգը Լեյլա Սարիբեկյանի մեկնաբանմամբ:
-Իսկ ինչո՞վ էիք այդքան տարի զբաղվում ԱՄՆ-ում:
-Հիմա արդեն շատերը գիտեն, որ Ամերիկայում դոլարները ծառերի վրա չեն աճում եւ ոչ էլ թափված են փողոցներում: Շատ արտագաղթածներ այնտեղ կատարում են այնպիսի աշխատանքներ, երբեմն՝ նվաստացուցիչ, ինչպիսիք Հայաստանում ոչ մի դեպքում չէին անի: Ես հիմնականում զբաղվում էի լրագրությամբ՝ մինչեւ 1989թ., ապա հիմնադրեցի եւ 15 տարի ղեկավարեցի Tele ARMENIA հեռուստաժամը, դա էլ մինչեւ հայրենիք վերադառնալը՝ 2004-ի վերջերը: Զուգահեռաբար ղեկավարում էի դարձյալ իմ հիմնադրած «Հայաստան» մշակութային կենտրոնը, ուր ընդգրկված էին շուրջ 500 հայ երեխաներ ու դեռահասներ, աշխատանքները կատարում էի կնոջս՝ Գայանե Դավթյանի հետ միասին: Լոս Անջելեսում հիմնականում զբաղվել եմ հայապահպան, ազգապահպան գործունեությամբ եւ հնարավորինն եմ արել hայրենիքիս օգտակար լինելու համար, որի համար անկեղծորեն հպարտանում եմ…
-Չե՞ք զղջում, որ հիմա այստեղ եք, չէ՞ որ այսօր Ձեր կոլեգաներից շատերն են գնում` դրսում իրենց բախտը փորձելու:
-Կոլեգաներիցս շատերն իսկապես գնում են՝ «փորձելու» իրենց բախտը: Գիտեք, սա այն դեպքը չէ, երբ ասում են՝ «փորձը փորձանք չէ»: Դա ավելի վատ է, քան փորձանքը: Ես շատերին գիտեմ, որ այդ «փորձ»-ի համար հատուցել են իրենց կյանքով: Անկեղծորեն, ես գնացողներին չեմ մեղադրում, շատերը ստիպված, հարկադրված են գնում, պատճառներն ու հանգամանքներն ինձ հայտնի են: Պարզապես, ինչպես ասում են, «շան գլուխն ուրիշ տեղ է թաղված»: Յուրաքանչյուր հայի (հատկապես մշակույթի ասպարեզի մարդկանց) արտագաղթելն ինձ միայն ցավ ու վիշտ է պատճառում: Արտագաղթը եղեռնի մի տարատեսակ է, ինչպես կուզեք, այն անվանեք՝ գորշ, դեղին, կապույտ, անգույն: Այս թեման շատ լուրջ քննարկման, հետազոտման, ախտորոշման եւ եզրակացությունների ու լուծումների կարիք ունի, այլապես հետեւանքները կանխատեսելի են ու անխուսափելի: Իմ համոզմամբ՝ մարդն իրեն լիարժեք մարդ կարող է զգալ միայն իր հայրենիքում …
-Ի՞նչ է հարկավոր Ձեզ լավ ապրելու համար:
-Նայած ով ինչպես է հասկանում «լավ ապրել»-ը: Անձամբ ինձ համար առաջնայինը հոգեւորն է: Հայտնի խոսք է. «Ոչ միայն հացիվ, այլեւ բանիվ»…
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ