ՓՈԽՈՒՄ Է
Բրիտանացի հոգեբանը պնդում է, որ ուղեղը գնահատում է ուտելիքի համը ոչ միայն ըստ դրա համի ու հոտի, այլեւ համտեսմանը զուգընթաց տեսողական, լսողական ու շոշափելիքի զգայարանների միջոցով ստացած ինֆորմացիայի շնորհիվ: Երաժշտությունը, որ լսում ենք ուտելու ընթացքում, կարող է ուտելիքն ավելի համեղ դարձնել: Կատարված փորձերից պարզ է դարձել, որ ցածր հնչյուններով դասական երաժշտությունը բարելավում է սուրճի ու շոկոլադի համը, ավելի թեթեւ դասական երաժշտությունն ավելի համեղ է դարձնում ցիտրուսային մրգերն ու աղանդերը, ծովի ալիքների աղմուկն անփոխարինելի է դարձնում ծովամթերքներից պատրաստված կերակուրների համը:
ՆԱՎԱԿՈՎ ԶԲՈՍՆԵԼԻՍ
Լենինգրադի շրջանում 35-ամյա տղամարդը որոշել է ռետինե նավակով իր ընկերոջ երեխաներին զբոսանքի տանել: Մի պահ տղամարդը չի կարողացել կառավարել նավակը, եւ այն շուռ է եկել, որի հետեւանքով 3 մարդ է մահացել: Մահացածների թվում են 5 եւ 7 տարեկան 2 երեխաներ: Դեպքի մասին հայտնել են ականատեսները: Մահացածների մարմինները հայտնաբերել են դեպքից մի քանի ժամ անց: Պարզվել է, որ նավակում գտնվողներից ոչ ոք փրկարար բաճկոն չի հագել, այդ պատճառով էլ նրանք անմիջապես խեղդվել են:
ԿՐԱԿՈՑՆԵՐ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Ուրալում անհայտ անձինք որսորդական հրացանից կրակահերթ են բացել մի խումբ հանգստացողների վրա, ինչի հետեւանքով 5 հոգի` մեկ կին եւ 4 տղամարդ, հրազենային վնասվածքներ են ստացել: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ:
ՄԵԿ ՏՈՆՆԱ
Անգլիայի Գլոուսթեր քաղաքում խոհարար Հեսթոն Բլումենֆալը ներկայացրել է աշխարհի ամենամեծ պաղպաղակը: Այն կշռում է մեկ տոննա, իսկ բարձրությունն ավելի քան 4 մետր է: Սառեցման համար պահանջվել է մեկ ամիս: Հազարավոր մարդիկ հավաքվել են Գլոուսթերի այգում եւ համտեսել աշխարհի ամենամեծ վանիլային պաղպաղակը:
ՀԱՐՍԱՆԻՔԻ ԺԱՄԱՆԱԿ
Թուրքիայում հարսանեկան արարողության ժամանակ փեսան փողոցում ծեծի է ենթարկել հարսնացուին, որը նույնպես դիմել է բռունցքների օգնությանը: Հարսանեկան արարողությունն էլ ավարտվել է ոստիկանական բաժանմունքում: Ականատեսները նշում են, որ նորապսակները սկսել են վիճել ավտոմեքենայում, իսկ իջնելուց հետո դիմել են բռունցքների օգնությանը: Միայն ոստիկանների միջամտությունն է վերջ տվել ծեծկռտուքին: