Ուսանողների մեծ մասը հայհոյելը չի ընկալել որպես արատավոր երևույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2014 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստ:

Նիստին մասնակցում էին մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված նմանաբնույթ` արդեն ավանդական դարձած հանդիպումները, նշելով, որ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը տարեցտարի ակտիվորեն ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ: Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին սպառնալիքները` պաշտպանության նախարարն ընդգծեց Հայաստանի նորագույն պատմության, ինչպես նաև Արցախյան պատերազմի ընթացքում ձեռքբերված արժեքներն աճող սերնդին պատշաճ կերպով փոխանցելու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ կերպ կարելի է ապահովել մեր երկրի հետագա զարգացումը:

Որպես ազգային ինքնության պահպանման կարևորագույն նախադրյալ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում փաստեց, որ հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդունքում հաջողվել է լուրջ տեղաշարժեր արձանագրել: Օրինակ, որպես նորամածություն` 2014թ. հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է ազգային երգ ու պար առարկան, կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև ավարտական դասարաններում ՆԶՊ-ը քննական առարկա դարձնելու ծրագիրը:

Նիստի ընթացքում հայրենասիրական դաստիարակության ոլորտում 2014 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված միջոցառումների, առկա բացթողումները շտկելուն միտված նախաձեռնությունների վերաբերյալ հիմնական հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով ընդգծեց, որ մարտունակ բանակ ունենալու համար անհրաժեշտ է դաստիարակել ազգային ինքնության և հպարտության զգացումով համակված սերունդ:

Կարևորելով վերոնշյալը՝ 2014 թվականին ՀՀ ՊՆ կողմից իրականացվել է 17 խոշոր ծրագիր, 46 թիրախային միջոցառումներ` ներգրավելով 1100 դպրոցների, քոլեջների և ուսումնարանների 12000 մասնակիցներ: Կազմակերպվել են միջոցառումներ նվիրված ազգային հերոսներին, անվանի զորահրամանատարների ծննդյան տարեդարձներին և զոհված ազատամարտիկների հիշատակին: Հատուկ ուշադրություն է դարձվել ՆԶՊ առարկայի դասավանդման շարունակական կատարելագործման գործընթացին, հարստացվել է դպրոցների ուսումնանյութական բազան: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում զորամասեր են այցելել բուհերի և երիտասարդական կառույցների 800-ից ավելի ներկայացուցիչներ: Իրականացվել են նաև մի շարք հետազոտական աշխատանքներ, ըստ որոնց` 800 հարցված երիատասարդների ավելի քան 60 տոկոսը հայկական բանակին տվել է լավ և գերազանց գնահատականներ:
Որպես մտահոգիչ փաստ ներկայացվեց 820 ուսանողների և աշակերտների շրջանում իրականացված սոցիալական հարցման արդյունքը, որի համաձայն հարցվողների ավելի քան 60 տոկոսը բացասաբար չի վերաբերվել քրեական հեղինակություններին տուրք տալուն, 80 տոկոսը հայհոյելը չի ընկալել որպես արատավոր երևույթ, իսկ 64 տոկոսը բացասաբար չի վերաբերվել մականուն ունենալուն, ինչի նպատակով էլ ազգային բանակում իրականացվում են հիմնարար բարեփոխումներ:

Զեկույցներով հանդես եկան նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում ընդգրկված տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին իրենց կողմից հաշվետու ժամանակահատվածում ընդունված որոշումներն ու իրականացված քայլերը, ամփոփեցին նախազորակոչային պատրաստության և հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Քննարկվեցին նաև ձեռքբերումներն ու բացթողումները, նախանշվեցին 2015-ին իրականացվելիք համատեղ ծրագրերը:

Ամփոփելով նիստի արդյունքները` պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նկատեց, որ զեկույցներում ընդգրկված մի շարք փաստարկներ իրապես մտահոգիչ են և հարկ է առավել մեծ ջանքեր գործադրել առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Նիստի ավարտին հայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրած ավանդի համար մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ և զինծառայողներ արժանացան գերատեսչական պարգևների, պատվոգրերի, արժեքավոր նվերների:




Լրահոս