Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերի հիվանդներն անցնող տարվա ընթացքում պարբերաբար թերսնվել են: Այս իրողությունը խոստովանեց հաստատության տնօրենը` ամփոփելով անցնող տարին. «Ֆինանսական միջոցների անբավարարությունը Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի անձնակազմին դժվար կացության մեջ էր դրել: Հիվանդների համար որակյալ սպասարկում իրականացնելը գերխնդիր էր դարձել»,- նշեց Արարատ Վարդանյանը:
Բանն այն է, որ դիսպանսերը ծանր կացության մեջ է հայտնվել՝ կուտակելով 9 մլն դրամ պարտք: Կառույցի գոյատեւման համար, բացի պետբյուջեի հատկացումներից, կարեւոր մաս էր կազմում նաեւ հովանավորների եւ բարեգործների աջակցությունը: «Լինի դա սննդի, թե անկողնային պարագաների, հագուստի եւ կոշկեղենի տեսքով: Նախորդ տարի նրանց թիվը գնալով կրճատվեց, իսկ միջոցների սակավությունը բացասաբար ազդեց անգամ սննդի չափաբաժնի վրա»,- ներկայացրեց տնօրենը:
Բարեբախտաբար հաջողվել է հովանավոր գտնել. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը դրամական օգնություն է ցուցաբերում դիսպանսերի հիվանդների սնունդի համար: Թեեւ Կառավարության կողմից սահմանված էր սննդի օրական չափաբաժինը, սակայն գումարն անբավարար էր: Իսկ այժմ արդեն ամսական 2 մլն դրամ հատկացվում է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կողմից:
«ԶՊՄԿ-ի՝ սննդակարգի բարելավմանն ուղղված ֆինանսական աջակցության շնորհիվ դիսպանսերում պատկերը փոխվեց. հիվանդների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, անգամ նրանց շրջանում նկատվող սակավարյունությունն է նվազել»,- ընգծեց Արարատ Վարդանյանը:
2014-ը նյարդահոգեբուժական դիսպանսերի պատմության մեջ հիշատակվեց եւս մեկ բարեգործությամբ: «Միացյալ ազգերի զարգացման» ծրագրի փոխանցած 50 հազ. ամերիկյան դոլարն օգնեց, որ ամռանն արեւային էներգիայով աշխատող տաք ջրամատակարարման համակարգ տեղադրվի շենքի տանիքում: Սա նաեւ օգնեց տնտեսումներ անել:
Իսկ Գերմանիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրի շնորհիվ բոլոր հիվանդասենյակները եւ աշխատասենյակները կահավորվել են անհրաժեշտ փայտե գույքով՝ մահճակալներ, պահարաններ, սեղաններ ու աթոռներ:
Թվարկելով անցած տարվա ձեռքբերումները` Արարատ Վարդանյանն առանձնացրեց նաեւ տարիներ շարունակ խնդիր դարձած կոյուղու բացակայության հարցը: Նա նշեց, որ դիսպանսերը 10 տարի առանց կոյուղու է աշխատել: Անցած տարի, սակայն, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Պատրիկ Լորենին դիմելուց հետո այս հարցը ի վերջո լուծվել է:
Ինչ վերաբերում է հիվանդների թվին, տնօրենի խոսքով՝ տարվա վերջում դիսպանսերում բուժում էր ստանում 40-ից ավել մարդ: «Որպես կանոն տղամարդկանց բաժանմունքն առավել հագեցած է լինում: Իսկ ամբողջ մարզի տարածքում հաշվառված հիվանդների թիվը 2.600-ից ավել է»,- նշեց հաստատության ղեկավարը:
Հերմինե Միքայելյան
Կապան