ՀԱՐՑ. Լսել եմ, որ անձնագրերը փոխվելու են պլաստիկ քարտերով եւ նոր անձնագրերով: Եթե ես մի քանի ամիս առաջ վճարել եմ նախատեսված գումարը եւ ելքի 3 տարվա թույլտվություն եմ ստացել, ապա պլաստիկ քարտի ձեռքբերման ժամանակ այդ թույլտվությունը նորի՞ց պետք է վերականգնեն՝ կրկին գումար վճարելով, թե՞ փոփոխված անձնագրից ելքի թույլտվությունը որեւէ կերպ կփոխանցվի քարտին:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նույնականացման քարտը ՀՀ քաղաքացու ինքնությունը եւ ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է ՀՀ տարածքում օգտագործելու համար: «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ անձնագիրը (կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր) ՀՀ քաղաքացու ինքնությունը եւ ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է ՀՀ-ից դուրս գալու եւ ՀՀ վերադառնալու, ինչպես նաեւ ՀՀ տարածքում օգտագործելու համար: Նշված օրենքի համաձայն՝ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում (նշված հասկացությունը հասարակության մեջ շրջանառվում է որպես ելքի թույլտվություն) չի կատարվում:
Բացի այդ, նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգի ներդրմամբ հանդերձ՝ ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը շարունակում են մնալ շրջանառության մեջ եւ համարվում են վավերական ՀՀ տարածքում եւ ՀՀ տարածքից դուրս: Այսինքն՝ նույնականացման քարտ եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալիս ՀՀ քաղաքացու հին անձնագիրը վերադարձնում են նրան:
իրավաբանական բաժնի պետ Մնացական Բիչախչյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծավալուն, բայց խճողված պատասխան է: Ու այդպես էլ չի հասկացվում, թե նոր պլաստիկ անձնագիր ստացող քաղաքացին ինչպես պետք է վարվի հանրապետությունից ելքի թույլտվություն ստանալու համար: