Օրերս վաստակաշատ երգչուհի, ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը նշեց իր ծննդյան 90-րդ տարեդարձը: Ժողովուրդը շտապում էր շնորհավորել «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած, համաժողովրդական սեր վայելող երգչուհուն, ում արվեստով դաստիարակվել են սերունդներ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:
Սիրված երգչուհու երկրպագուների մի մասը ծաղիկներ էր ուղարկում, մյուս մասը զանգահարում էր, մի ստվար զանգված էլ համացանցում արվեստագետի երգերն էր տարածում, նրա մասին հետաքրքիր պատմություններ հիշում: Երգչուհու մեծ ավանդին ուղերձի միջոցով անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ տասնամյակներ շարունակ Օֆելյա Համբարձումյանը եղել է ոչ միայն հայ ժողովրդական երգի անզուգական կատարող, այլ նաեւ հայ երգարվեստը նոր մակարդակի բարձրացնող երգչուհի:
Շնորհավորական խոսքերին, սակայն, շատ շուտով փոխարինեցին հիասթափություն արտահայտող տեքստերն ու դժգոհությունները: Արտիստուհու երկրպագուները եւ պարզապես սրտացավ մարդիկ Facebook սոցիալական ցանցում իրենց դժգոհությունն արտահայտեցին այն բանից հետո, երբ օրերն անցան, իսկ հայ երգի հանրահռչակմանը նպաստած երգչուհու 90-ամյակի առթիվ ոչ մի հոբելյանական միջոցառում տեղի չունեցավ:
«Իսկական ժողովրդական արտիստ, եւ ոչ մի արժանի մեծարում»,-սոցցանցի իր էջում նկատել էր օգտատերերից մեկը: «Ուղերձ հղելու, ծաղիկ ուղարկելու փոխարեն թող մի արժանի միջոցառում կազմակերպեին, ինչպես հարկն է՝ մեծարեին»,-ավելացրել է մյուսը:
«Ժողովուրդ» օրաթերթը, հասարակական դժգոհության այս ալիքին հետեւելով, ճշտել է Օֆելյա Համբարձումյանի հոբելյանական համերգին առնչվող մանրամասները: Երգչուհու որդին՝ Հովհաննես Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունն առաջիկայում կազմակերպելու է հոբելյանական միջոցառում. «Միջոցառում լինելու է, սակայն ավելի ուշ, մի քիչ եղանակը տաքանա, նոր»:
Աննա Բաբաջանյան