
Եվրագոտու 17 երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են եկել` հուլիսի վերջին 30 միլիարդ եվրո հատկացնել Իսպանիային՝ բանկային համակարգին աջակցելու համար։ Որոշումը կայացվել է Բրյուսելում՝ 9 ժամ տեւած բանակցությունների արդյունքում։ Համաձայնագիրը կստորագրվի հուլիսի 20-ին։
Տեղեկացնենք, որ հուլիսի 9-ին Իսպանիայի՝ 10 տարվա մարման ժամկետով պետական պարտատոմսերի տոկոսադրույքը հատել է 7 տոկոսի սահմանը։ Դա այն շեմն է, որը ստիպել էր եվրագոտու այլ երկրների՝ ֆինանսական օգնություն խնդրել Եվրոպական բանկից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից։