ԿՈՆԳՐԵՍԸ ԿՈՒԺԵՂԱՆԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի կարծիքով՝ աշնանը քաղաքական դաշտում նոր վերադասավորումներ են սպասվում: Ընդ որում, ըստ նրա, լուրջ փոփոխություններ են սպասվում ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական դաշտում:
Ներքաղաքական դաշտում փոփոխությունները, պարոն Մանուկյանի կարծիքով, կապված են լինելու հիմնականում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, որը գնալով ավելի կվատանա:”Կոռուպցիայի աճ, թանկացում, բյուջեի անմխիթար վիճակ, այս ամենը կբերի ներհայաստանյան նոր իրավիճակի”,-հայտարարեց նա: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական վերադասավորումներին, ըստ Մանուկյանի՝ դրանք կապված կլինեն ԼՂ խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ:”Աշնանը նոր թափ կստանա հայ-թուրքական սահմանի հարցը, Ղարաբաղի հետ կապված հարցը: Սիրիայի եւ Իրանի դեպքերի հետ ռեգիոնում բոլոր օջախները թեժանում են, եւ, բնականաբար, Հայաստանը չի կարող խուսանավել, մեր չընտրյալ իշխանությունները պարտք ունեն տալու: Նրանց ընտրվելն ավանսն էր, որը պետք է վերադարձվի: Այսինքն՝ պետք է արձագանքեն տարածաշրջանային միջազգային կառույցների պայմաններին, ինչպես կհրահանգեն այդ կառույցները, այնպես էլ կանեն”,-նշեց նա:
Արամ Մանուկյանը խոսեց նաեւ ԱԺ-ում մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության մասին. ըստ նրա՝ ՀՀՇ-ն ընդհանուր նպատակի շուրջ պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ: Եւ նույնիսկ ՀՅԴ-ի, որի հետ ամենածայրահեղ գաղափարական տարաձայնություններն ունեն, կարողանում են միասնաբար դեմ քվեարկել կառավարության ծրագրին: Ա. Մանուկյանը նշեց, որ Կոնգրեսն ԱԺ-ում ոչ միայն համագործակցելու է ԲՀԿ, ՀՅԴ եւ “Ժառանգության” հետ, այլեւ անելու է ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ-ականներին դեպի իրեն քաշի: 
“Մենք ԲՀԿ-ի, “Դաշնակցության” հետ որեւէ բարեկամական, արյունակցական, հարազատական կապ չունենք: Հիմնական քաղաքական չափանիշներով մենք ծայրահեղ տարբեր ենք: Միայն մի պահ կա. խորհրդարանում չի բացառվում շահերի համընկնում: Օրինակ՝ եթե “Դաշնակցություն”-ը դեմ է քվեարկում ծրագրին, իրեն պահում է ընդդիմադիր կեցվածքով, իմ քաղաքական շահը համընկնում է այս քաղաքական ուժի հետ, եւ ես շատ ուրախ եմ, որ քվեարկում ենք միասին, նույն կերպ: Սա նորմալ քաղաքական վիճակ է: Մենք փորձ ենք անելու Հանրապետական կուսակցությունից մարդիկ բերել մեր թեւ, որ քվեարկեն այնպես, ինչպես մենք ենք քվեարկում, այսինքն՝ կոալիցիայի հաշվին նաեւ ուժեղացնել ընդդիմությունըե,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նախագահի ապագա ընտրություններին, ըստ Մանուկյանի՝ ՀԱԿ-ը դեռ վերջնական որոշում պետք է կայացնի աշնանը: “Չեմ տեսնում ուրիշ թեկնածու, որը կարող է այնքան համախմբող դեր ունենալ, որքան Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ես կարծում եմ` վաղ է խոսել ընդդիմության միասնական թեկնածուի մասին, կոնկրետություններից, կոնկրետ անձերի առաջադրումներից, դա միայն ցանկությունների ոլորտից է՝ ունենալ մեկ թեկնածու: Եթե բոլորն ընդունեն այդ թեկնածուին՝ որպես իրենց թեկնածու, լավ է այդ տարբերակը, ցանկալի տարբերակ է, բնականաբար, այդ դեպքում հեշտանում է ե՛ւ ընդդիմության վիճակը, ե՛ւ ժողովրդի վիճակը, առավել եւս՝ ժողովուրդը չի ընկնի մոլորության մեջ”,-եզրափակեց Մանուկյանը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս