«Վիտամին» ակումբը կփակվի՞ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս հանրության շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ «Վիտամին» հումորային ակումբը հնարավոր է՝ առաջիկայում փակվի եւ գարնանից եթեր չհեռարձակվի: Գուցե այս ասեկոսեների տարածման համար հիմք են հանդիսացել վերջին շրջանում համացանցում պարբերաբար տեղ գտնող քննադատությունները, ըստ որոնց ակումբը ստեղծագործական առումով «սպառել է իրեն»:

charenc

 

Այդ խոսակցությունները նոր թափ ստացան այն բանից հետո, երբ «Վիտամին»-ի Չարենցը լքեց նախագիծը: Հիշեցնենք, որ, ըստ տարածված լուրերի, Չարենցի՝ Կարեն Սահակյանի հեռանալու պատճառը ակումբի անդամների հետ ունեցած կոնֆլիկտն էր:

aram-mp3

«Ժողովուրդը» կապ հաստատեց վիտամինցիների հետ՝ ճշտելու ակումբի փակվելու մասին տարածված լուրերի իսկությունը: Մեզ հետ զրույցում Արամ MP3-ն նշեց, որ «Վիտամինը» մեկնում է արձակուրդ, սակայն ժողովուրդը, չգիտես ինչու, անմիջապես սկսում է խոսել, թե իբր այն դադարեցնում է իր գործունեությունը. «Նախորդ տարվա ամռանն էլ, երբ արձակուրդի մեջ էինք, նմանատիպ լուրեր հասան ականջիս: Ասեմ, որ «Վիտամին»-ում գաղափարի պակաս չկա, բայց բոլորս էլ հանգստի կարիք ունենք: Այնուամենայնիվ, ուզում եմ հանգստացնել մեր երկրպագուներին եւ տեղեկացնել, որ «Վիտամինը» մարտից կբացի իր նոր գարնանային եթերաշրջանը եւ բնականոն հունով կշարունակի աշխատանքները»,- հավաստիացրեց նա:

2

Ակումբի մեկ այլ անդամ՝ Տիգրան Գեւորգյանը (Տիկո) եւս հերքեց շրջանառվող լուրերը՝ շեշտելով, որ «Վիտամին»-ը սպառվելու խնդիր չունի. «Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում հանգստանալ»,- ասաց նա:

Armush

Իսկ ակումբի «ամենաերկարակյաց» անդամներից Արման Խաչատրյանը (Արմուշ) հումորով է վերաբերվում այս խոսակցություններին. «Երեւի ժողովուրդն էլ է սկսել անհանգստանալ, թե ոնց կարող են այսքան հայեր հավաքվել մի տեղ ու երկար ժամանակ միասին աշխատել»,- կես կատակ, կես լուրջ ասաց նա:

Անդրադառնալով տարածված խոսակցություններին, թե Չարենցի հեռանալուց հետո ակումբի աշխատանքները ստեղծագործական առումով տուժել են, Արմուշը նկատեց. «Անփոխարինելի մարդ չկա»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս