ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԸ ԿՈՐՍՎԱԾ ՇՐՋԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 2-ից Հայաստանն այլեւս դեյուրե Եվրասիական տնտեսական միության անդամ է, եւ…: Իրականում ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում ԵՏՄ անդամ Հայաստան, կամ ավելի կոնկրետ՝ ներկրման եւ արտահանման հետ առնչություն ունեցող գործարարները հստակ չգիտեն, թե ինչ իրավական դաշտի հետ իրենք պետք է գործ ունենան:

Ամանորի տոներին հաջորդող առաջին երկու շաբաթներին Հայաստանի տնտեսական դաշտը, սովորության համաձայն, առավել քան պասիվանում է եւ սկսում է ակտիվանալ հունվարի երկրորդ կեսից: Սակայն այս տարի տնտեսական դաշտը սովորականից շատ ավելի երկար ակտիվություն չի ցուցաբերի, քանի որ գործարարները շարունակում են անորոշության մեջ գտնվել: Այսինքն՝ եթե որեւէ գործարար այսօր փորձի պլանավորել իր գործերը, ապա չի գտնի ոչ մի պետական ռեսուրս, որը նրան հնարավորություն կտա պարզելու, թե Հայաստանից արտահանվող կամ ներկրվող ապրանքներից յուրաքանչյուրի համար ինչպիսի մաքսատուրք պետք է վճարի կամ չվճարի: Հայտնի է միայն, որ այս տարվա հունվարի 2-ից արտաքին շուկան երկու մասի է բաժանված` ԵՏՄ անդամ երկրների տարածք եւ այլ երկրներ: Իսկ այդ շուկաներից յուրաքանչյուր ապրանք արտահանելու կամ ներկրելու հետ կապված իրավական ընթացակարգերն ինչպիսի՞ն են լինելու:

Ի դեպ, տարվա առաջին իսկ աշխատանքային օրը` այս երկուշաբթի, ՀՀ մաքսային ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որով փորձեց հերքել այն լուրերը, որ այս տարվա առաջին տասն օրերին մաքսայինը փաստացի անգօրծության է մատնված եղել: Ըստ այդ հաղորդագրության՝ ՀՀ ֆինանսների նախարարի՝ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 27-ի հրամանով ստեղծվել է օպերատիվ կառավարման աշխատանքային խումբ` ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանի գլխավորությամբ: Այն պնդումներին, որ տնտեսության կարգավորումներում տեղի ունեցած իրավական փոփոխությունների մինչեւ վերջ անհասկանալի լինելու արդյունքում գործարարների շրջանում անորոշություն է տիրում, մաքսային ծառայությունը հակադարձել է միայն այն պնդմամբ, որ մաքսային ծառայության հերթապահ աշխատակիցներին հրահանգված է եղել պարզաբանումներ տալ: Սակայն ողջ խնդիրն այն է, որ մաքսայինի աշխատակցի բանավոր պարզաբանումը որեւէ կերպ չի ցրում անորոշութունը: Այսինքն՝ մարդիկ իրենց հետաքրքրող ամեն մի մանրուքի համար չպիտի գնան մաքսային եւ պարզաբանում խնդրեն: Մյուս կողմից, եթե բանավոր տրված պարզաբանման հիման վրա գործարարը քայլ կատարի, եւ հանկարծ պարզվի, որ սխալ է գործել ու տուգանվի, ապա դրա համար միակ պատասխանատուն գործարարն է: Այսինքն՝ մաքսայինը ոչ թե պետք է ասի՝ եկեք կամ զանգեք, կպարզաբանենք, այլ պետք է մատնացույց անի այն պաշտոնական աղբյուրները, որտեղից գործարարները կարող են վերցնել նոր` հունվարի 2-ից ուժի մեջ մտած իրավական ակտերը, որոնց հիման վրա նրանք կարող են իրականացնել իրենց գործունեությունը: Գործարարը պետք է ձեռքի տակ ունենա այն իրավական ակտը, որի հիման վրա ինքը մաքսատուրք պետք է վճարի կամ չվճարի:

Հայաստանի տնտեսությունում առանց այդ էլ անորոշ վիճակ է ստեղծվել՝ դոլարի փոխարժեքի տատանումների պատճառով, առավելապես բացասական սպասումներով պայմանավորված: ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված փոփոխությունների՝ մինչ օրս մինչեւ վերջ պարզաբանված եւ հրապարակված չլինելու արդյունքում այդ անորոշությունն ավելի է խորանում: Արդյունքում՝ կասկածից վեր է, որ այս տարվա առաջին եռամսյակը Հայաստանի տնտեսության համար կորսված ժամանակահատված է լինելու, իսկ թե դա ինչ ազդեցություն կունենա ընդհանուր տնտեսության վրա, առավել ակնհայտ կլինի գարնանը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ՀՅԴ-Ն ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդի կողմից հրավիրված խորհրդաժողովի մասնակիցներին արդեն հրավերներ են ուղարկվել: Նշենք, որ խորհրդաժողովը տեղի է ունենալու հունվարի 20-ին, Գ. Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանտ» հյուրանոցային համալիրում: Սակայն դեռեւս պարզ չէ, թե իշխանական ուժերից ովքեր են ընդունել հրավերը: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու այդ միջոցառմանը:

 

«ՆԻՖԻԴԻՊԻՆ» ՉԿԱ

Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ որոշ դեղատներում «Նիֆիդիպին» կոչվող դեղամիջոցը չկա: Նշենք, որ այս դեղամիջոցը հիմնականում օգտագործում են արյան բարձր ճնշում ունեցող հիվանդները: Համանման դեղերի շարքում այն բավական մատչելի է: ՀՀ առողջապահության նախարարության դեղերի բաժնի մասնագետ Անահիտ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս առիթով ասաց. «Մենք մի փոքր խմբաքանակ մարդասիրական օգնություն ենք ստացել, եւ այն առաջիկայում կբաշխվի Երեւանի եւ մարզերի պոլիկլինիկաներին: Դեղատներում կա այդ ազդող նյութով եւ այլ երկրների նույն արժեքի արտադրության դեղամիջոց: Գուցե ներմուծման կամ գրանցման հետ կապված խնդի՞ր կա: Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե որն է խնդիրը»:

 

ԿԲՈՂՈՔԵՆ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները պատրաստվում են վաղը բողոքի ակցիա անցկացնել: Բանն այն է, որ «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը բարձրացրել է տաղավարների վարձավճարները: Հունվարի 15-ին լրանում է առեւտրականների հետ կնքած հին պայմանագրի ժամկետը, եւ նրանք պետք է կնքեն նորերը: Տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Իրենք բոլորն էլ գիտեն, որ հունվարի 15-ին պետք է նոր պայմանագիր կնքեն: Զուտ աշխատանքային փոխհարաբերություններ են գործատուի եւ աշխատողի միջեւ: Մենք ունենք մեր աշխատանքային կանոնադրությունն ու կանոնակարգը: Ամեն ամիս մեր մոտից կարող է հեռանալ որեւէ առեւտրական կամ նորը գալ, դա սովորական երեւույթ է մեզ համար»: Տոնավաճառի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին ասացին, որ դեռեւս դեկտեմբերին դոլարի փոխարժեքի բարձրանալու արդյունքում տաղավարների վարձերը մոտ 30 հազար դրամով բարձրացվել են: Սակայն տոնավաճառի տնօրինությունը, չբավարարվելով, փորձում է կրկին բարձրացնել: «Դեկտեմբերին վարձավճարները չեն բարձրացել: Իրենց գործն է՝ բողոքի ակցիա կանեն, թե ոչ: Թող գնան Լենինականում (Գյումրիում) բողոքեն, որ նման դեպք է տեղի ունեցել, ոչ թե այստեղ»:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԽԱՉ ԿՔԱՇԵՆ

Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ առաջնագծում ամեն տիպի բռնություն ստեղծում է անկայունություն, ինչն էլ կարող է վտանգավոր լարվածություն առաջացնել կողմերի միջեւ: «Ռազմական գործողությունները խաչ կքաշեն խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու մեր ջանքերի վրա: Կողմերի կարծիքները լսելու համար մենք կանոնավորապես այցելում ենք տարածաշրջան: Սակայն մեր հերթական տարածաշրջանային այցի ժամկետը դեռ հստակեցված չէ: Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կարող է տեղի ունենալ մեր հանդիպումն արտգործնախարարների հետ»,- նշել է համանախագահը:

 

ՄՏԱՀՈԳԻՉ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնը հրապարակել է 2015 թվականի տարեկան կանխատեսումը, որում անդրադարձ է կատարված նաեւ Հարավային Կովկասին. «Վրաստանում կնկատվի քաղաքական անկայունության աճ, քանի որ իշխող «Վրացական երազանք» դաշինքը վերապրում է ներքին մեծ տարաձայնություններ: Դրա հետ մեկտեղ Վրաստանն ավելի լայն կինտեգրվի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին: Ռուսաստանն ավելի շատ կենտրոնացած է իր տնտեսական ու ներքին խնդիրների վրա, եւ այդ պատճառով էլ քիչ հավանական է համարվում, որ նա կմիջամտի Լեռնային Ղարաբաղի համար բախումներին: Այդպիսի իրավիճակում Ադրբեջանը կփորձի առավել մեծ ռազմական գործունեություն ծավալել առաջնագծում: Այնուամենայնիվ, դա հազիվ թե վերաճի մասշտաբային ռազմական հակամարտության»,-կանխատեսել է Stratfor-ը:

 

ԿՏԱՔԱՆԱ

Հայաստանի տարածքում հունվարի 14-15-ը, հունվարի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 16-17-ը արեւելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 2-4, հունվարի 16-ի գիշերը՝ եւս 2-3 աստիճանով, հունվարի 16-ի ցերեկը նույնքան կնվազի: Երեւանում հունվարի 15-ից 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 16-ի ցերեկը, հունվարի 17-ին հնարավոր են թույլ տեղումներ:

 

ԷԼԻ ԿՐԱԿԵԼ ԵՆ

ԼՂ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունվարի 13-ին եւ լույս 14-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1.400 կրակոց:

 

ՏԵՂԱԿԱԼ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

 

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 15-ին` ժամը 12:30-ին, բոլորին հրավիրում է նախագահական նստավայր՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու եւ պահանջելու, որ Վալերի Պերմյակովը դատապարտվի Հայաստանում: «Բոլորս հավաքվենք Բաղրամյան 26-ում եւ պահանջենք, որ մեր իշխանությունները հերթական անգամ իրենց ստրկամտությամբ ու անգործությամբ չնսեմացնեն հայի արժանապատվությունը. ռուս ճիվաղը, հանդիսանալով ՌԴ քաղաքացի, այնուամենայնիվ, իր ոճրագործությունն իրականացրել է ՀՀ տարածքում՝ ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս՝ սպանելով հենց ՀՀ 6 քաղաքացիների, ուստի եւ իր արժանի պատիժը պիտի կրի ՀՀ տարածքում եւ ՀՀ քրեական օրենսդրությանը համապատասխան: Սա ոչ միայն արդարադատության, այլեւ ազգային արժանապատվության հարց է»:

 

 




Լրահոս