«Շատ կորուստներ եմ ունեցել կյանքում, բայց այս մեկն ուրիշ էր… Մինչեւ օրս էլ մտքումս թաքուն խոսում եմ հետը: Նա ինքն իրենով հենց կյանքն էր, որ կար…»,-երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի մասին այսպես է արտահայտվում նրա մտերիմ ընկերը՝ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ Վահան Հովհաննիսյանն ունիկալ էր: Անկրկնելի էր հատկապես նրա հումորի զգացումը, որը բեմադրիչը որակում է «հեղինակային», բնորոշ միայն նրան: Ռ. Բաբայանի համոզմամբ իր ընկերը բացարձակապես չէր ձգտում, բայց ակամա լիդեր էր. «Մասսան նրան տանում էր առաջ: Եվ ինչպես ցանկացած իսկական պետական գործչի, նրա համար էլ կուսակցական շրջանակները շատ նեղ էին, գուցե կուսակցությունն էր իրենով կուսակցություն, ոչ թե հակառակը…»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց բեմադրիչը:
Քչերը, բայց ընտրված մարդիկ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանից զատ ճանաչում էին մեկ այլ Վահանի՝ սրամիտ, կենսուրախ մարդուն, հետաքրքիր զրուցակցին, անձնվեր ընկերոջը: Նրանցից մեկն էլ Պարույր Սանթրոսյանն է, ով աշխատել է ՀՅԴ բյուրոյի Երեւանի գրասենյակում, եղել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի գրասենյակի ղեկավար, մի քանի տարի էլ՝ ԱԺ նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանի խորհրդական, դարձել վերջինիս ուրախ ու տխուր օրերի ընկերը, նրա կյանքի ուշագրավ դրվագների ակամա վկան:
Պ.Սանթրոսյանը լավ է հիշում, թե Վահան Հովհաննիսյանն ինչպես էր սիրում փոխել մարդկանց անունները, երբեմն փաղաքշական երանգ էր հաղորդում դրանց. «Լաուրային Ֆլորա էր ասում, ոմանք նրա համար մի րոպեում Սերոժիկ էին դառնում, իսկ, օրինակ, ինձ էլ «Պարյուր» էր ասում: Այնքան լավ էր նա այդ ամենն անում, որ ամենքն էլ ցանկանում էին հայտնվել նրա թիրախում»:
Նա եւս վկայում է, որ Վահան Հովհաննիսյանն անկրկնելի հումորի տեր մարդ էր եւ կարողանում էր սարկազմի միջոցով մեղմել ագրեսիան. «1993-ն էր, պատերազմի տարիներն էին, թուրք լրագրողների մի խումբ եկել էր Հայաստան եւ պաշտոնական հանդիպումներից զատ ցանկություն էր հայտնել հանդիպել Վահան Հովհաննիսյանի հետ: Երբ վերջինս խոսքի բռնվեց լրագրողների հետ, իր առջեւ դրել էր Հայաստանի քարտեզը, իսկ որոշ քաղաքների վրա դրոշներ էր փակցրել, մի մասը կապույտ, մյուս մասը կանաչ: Լրագրողներից մեկը հարցրեց՝ երեւի կապույտով նշված են գրավված քաղաքները, կանաչով էլ՝ նրանք, որոնք հետո պետք է գրավեք: Իսկ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց` ոչ, պարզապես կապույտ դրոշակները վերջացել էին… Ու բոլորը ծիծաղեցին, լարվածությունն անցավ»,-հիշեց Պ.Սանթրոսյանը:
Նա խոստովանեց, որ երկար ժամանակ այն կարծիքին է եղել, թե Վահան Հովհաննիսյանն աթեիստ է, սակայն հետո համոզվել է, որ նա իսկական հայ քրիստոնյա է. «Դա կարելի է զգալ «Մանդիլիոնն» ընթերցելիս, բայց ես շատ ավելի վաղ էի հայտնաբերել այդ փաստն ինձ համար: Հիշում եմ՝ մի անգամ խնդրեց, որ գնանք Էջմիածին, այդպես էլ արեցինք, նա եկեղեցում մոմ վառեց, ու ասեմ, որ դա հենց այն նույն եկեղեցին էր, որի մասին նա նկարագրել է իր գրքում»,-պատմեց Պ.Սանթրոսյանը:
Պարզվում է՝ Վահան Հովհաննիսյանն առանձնակի կարեւորել է արվեստի գործիչների դերը. «Մի օր ասաց՝ ուզում եմ հանդիպում կազմակերպել հանարապետության ճանաչված արվեստի գործիչների հետ: Ինձ հաջողվեց մեկ տեղում հավաքել նրանցից ոմանց, այդ թվում՝ Խորեն Աբրահամյանին, Արմեն Էլբակյանին եւ այլոց: Վահանն առանձնակի նպատակ չուներ, պարզապես ուզում էր անձամբ ճանաչել նրանց, զրուցել հետները»,-հիշեց ընկերը:
Նա ծանոթ է եղել նաեւ Վահան Հովհաննիսյանի երաժշտական ճաշակին եւ գիտեր, որ վերջինս շատ էր սիրում Ջանիս Ջոփլինին, եւ, այնուամենայնիվ, ինքը հենց նրանից է առաջին անգամ լսել Գրիգորի Լեպսի անունը:
Ընկերը վկայում է Վահան Հովհաննիսյանի մեկ այլ ունիկալ կարողության մասին եւս` կանանց գրավելուն. «Վահանն ուներ յուրահատուկ տղամարդկային խարիզմա, որի համար կանայք նրան շատ էին սիրում»,-նշեց Պ.Սանթրոսյանը:
«ՎԻՏԱՄԻՆ» ԱԿՈՒՄԲԸ ԿՓԱԿՎԻ՞
Վերջերս հանրության շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ «Վիտամին» հումորային ակումբը հնարավոր է՝ առաջիկայում փակվի եւ գարնանից եթեր չհեռարձակվի: Գուցե այս ասեկոսեների տարածման համար հիմք են հանդիսացել վերջին շրջանում համացանցում պարբերաբար տեղ գտնող քննադատությունները, ըստ որոնց ակումբը ստեղծագործական առումով «սպառել է իրեն»: Այդ խոսակցությունները նոր թափ ստացան այն բանից հետո, երբ «Վիտամին»-ի Չարենցը լքեց նախագիծը: Հիշեցնենք, որ, ըստ տարածված լուրերի, Չարենցի՝ Կարեն Սահակյանի հեռանալու պատճառը ակումբի անդամների հետ ունեցած կոնֆլիկտն էր:
«Ժողովուրդը» կապ հաստատեց վիտամինցիների հետ՝ ճշտելու ակումբի փակվելու մասին տարածված լուրերի իսկությունը: Մեզ հետ զրույցում Արամ MP3-ն նշեց, որ «Վիտամինը» մեկնում է արձակուրդ, սակայն ժողովուրդը, չգիտես ինչու, անմիջապես սկսում է խոսել, թե իբր այն դադարեցնում է իր գործունեությունը. «Նախորդ տարվա ամռանն էլ, երբ արձակուրդի մեջ էինք, նմանատիպ լուրեր հասան ականջիս: Ասեմ, որ «Վիտամին»-ում գաղափարի պակաս չկա, բայց բոլորս էլ հանգստի կարիք ունենք: Այնուամենայնիվ, ուզում եմ հանգստացնել մեր երկրպագուներին եւ տեղեկացնել, որ «Վիտամինը» մարտից կբացի իր նոր գարնանային եթերաշրջանը եւ բնականոն հունով կշարունակի աշխատանքները»,- հավաստիացրեց նա:
Ակումբի մեկ այլ անդամ՝ Տիգրան Գեւորգյանը ¥Տիկո) եւս հերքեց շրջանառվող լուրերը՝ շեշտելով, որ «Վիտամին»-ը սպառվելու խնդիր չունի. «Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում հանգստանալ»,-ասաց նա:
Իսկ ակումբի «ամենաերկարակյաց» անդամներից Արման Խաչատրյանը ¥Արմուշ) հումորով է վերաբերվում այս խոսակցություններին. «Երեւի ժողովուրդն էլ է սկսել անհանգստանալ, թե ոնց կարող են այսքան հայեր հավաքվել մի տեղ ու երկար ժամանակ միասին աշխատել»,-կես կատակ, կես լուրջ ասաց նա:
Անդրադառնալով տարածված խոսակցություններին, թե Չարենցի հեռանալուց հետո ակումբի աշխատանքները ստեղծագործական առումով տուժել են, Արմուշը նկատեց. «Անփոխարինելի մարդ չկա»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ
Արդեն հայտնի է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ համերգային ծրագրով Երեւան է ժամանելու «System of a Down» աշխարհահռչակ ռոք խումբը: E! News-ի փոխանցմամբ՝ ապրիլին պլանավորում են հայրենիք այցելել նաեւ Քարդաշյան քույրերը: Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին հնարավոր է՝ ուղեկցի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը: Քիմն ու Քորթնին ծրագրում են Հայաստան բերել նաեւ իրենց զավակներին: Առաջիկա ուղեւորությունը շատ է ոգեւորել Քարդաշյան քույրերին, որոնք երբեւէ չեն փորձել թաքցնել իրենց ազգային պատկանելությունն ու ամեն հարմար առիթով հիշատակել են Հայոց ցեղասպանության մասին:
ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Լուրեր են պտտվում այն մասին, որ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Լիլիին մարմնավորող Անուշկա Մարգարյանն ընտրյալ ունի: Բանն այն է, որ վերջին շրջանում սերիալային դերասանուհին Facebook սոցցանցի իր անձնական էջում հաճախ է լուսանկարներ հրապարակում շախմատիստ Ավետիք Գրիգորյանի հետ՝ ակամայից հայտնվելով խոսակցությունների կիզակետում: ESem.am-ը զրուցել է Անուշկայի հետ, ով հաստատել է, որ ինքն ու Ավետիքն ընկերություն են անում: «Ես հիմա սիրում եմ, սիրված եմ եւ շա՜տ երջանիկ»,-ասել է նա՝ չցանկանալով հայտնել անձնական կյանքին վերաբերող այլ մանրամասներ:
Նշենք, որ Ավետիքն ու Անուշկան հասակակիցներ են, շուտով կլրանա նրանց 26-ամյակը:
ԼԻՊՈՍԱԿՑԻԱՅԻ ԶՈՀԸ
Էկվադորում լիպոսակցիան դարձել է «Reina de Duran 2014» մրցույթի հաղթող, 19-ամյա Կատերին Կանդոյի մահվան պատճառը: «Mirror»-ի փոխանցմամբ՝ մրցույթում հաղթելուց հետո նա անվճար պլաստիկ վիրահատություն կատարելու հնարավորություն է ստացել: Գեղեցկուհու եղբայրը պատմել է, որ թեեւ Կանդոն հրաժարվել է լիպոսակցիայից՝ նշելով, որ բնական մեթոդներով էլ կարող էր նիհարել, կազմակերպիչները պնդել են, որ դա պարտադիր պայման է, եւ, կարելի է ասել, ստիպել են նրան գնալ այդ քայլին, ինչի հետեւանքով աղջիկը մահացել է: Պատճառը գլխուղեղի այտուցն է: Վիրաբույժը ձերբակալված է: