ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից
Երեկ անցկացվել է բողոքի ավտոերթ՝ նվիրված Գյումրիում տեղի ունեցած ողբերգության անմեղ զոհերի հիշատակին: Ավտոերթի մասնակիցները պահանջել են Վալերի Պերմյակովին դատել Հայաստանում: Բողոքի ավտոերթին մասնակցել է նաեւ Շիրակի թեմի առաջնորդը: Երթի մասնակիցները եղել են Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց ու պահանջել, որ ռուսական կողմի պատասխանատուները եւս գան հանդիպման: Գյումրիում վայր են գցել ռուսական դրոշները եւ ձվեր շպրտել ռուսական հյուպատոսարանի շենքի վրա: Բողոքի ավտոերթին ներկա է գտնվել նաեւ Գյումրու դատախազը, որը փորձել է հանգստացնել գյումրեցիներին ու նրանց առաջարկել գնալ դատախազության շենք ու այնտեղ պարզել ամեն ինչ: Սակայն գյումրեցիներն անդրդվելի են մնացել: Ցուցարարները 22 ժամ են տվել դատախազությանը՝ խոստանալով 22 ժամ հետո կրկին հավաքվել ու, կախված դատախազության պատասխանից, որոշել իրենց հետագա քայլերը:
ՀԱՐՑ. Ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել հաշմանդամություն ունեցող ուսանողը՝ ուսումնական հաստատություն ընդունվելիս:
Կարեն Վարդանյան (20 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ուսումնական հաստատություններում:
Ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների եւ մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով իրականացվում են համապատասխան միջոցառումներ ՀՀ Կառավարության սահմանած կարգով:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամներն այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ՝ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին, հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ՝ անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ հաշմանդամություն ունեցող որոշ խմբերի հնարավորություն տրվում է հատուկ պայմաններով ընդունվել բուհեր, սակայն տեխնիկական եւ բովանդակային առումով այսօր բուհերը պետք է հարմարեցվեն հասարակության այս խմբին ծառայելու համար, ինչն այսօր շատ բուհերում բացակայում է:
ՀԱՐՑ. 2014թ. հուլիսին եւ օգոստոսին սխալմամբ փոխանցել եմ ե՛ւ սոցվճար, ե՛ւ կուտակային, սակայն, ըստ օրենքի, պետք է փոխանցեի միայն սոցվճար, հիմա ինչպե՞ս կարող եմ հետ վերադարձնել երկու ամիսների փոխանցված կուտակային գումարը:
Մարինե Հովհաննիսյան (35 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ձեր` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն հասցեագրած 08.12.2014թ. գրության, հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ՀՀ Կառավարության 29.07.2010թ. N1007-Ն որոշմամբ հաստատված «Հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրամադրման» կարգի 4-րդ կետը՝ իրազեկման կարգով տեղեկացվում է.
01.01.2014թ. մինչեւ 01.07.2014թ. ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարների համար բացված հաշիվներին կատարված վճարումների մասով գերավճարները վերադարձվում են հարկ վճարողներին ՀՀ ֆինանսների նախարարի 24.10.2014թ. N 733-Ն հրամանով (հրապարակվել է ՀՀԳՏ 2014.12.01/31(510) պարբերականում) սահմանված կարգի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերի համաձայն, գործատուի դիմումի հիման վրա, դիմումը հարկային մարմին ներկայացնելու օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ գերավճարի գումարը հիմնավոր չհամարվելու դեպքերի):
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ քաղաքացին կարող է համապատասխան դիմում ներկայացնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, հետ ստանալ սխալմամբ փոխանցված գումարը: Սակայն, ինչպես միշտ, այս դեպքում էլ թերեւս քաղաքացին անմասն չի մնա ավելորդ թղթաբանությունից, ինչն այնքան է հոգնեցնում մարդկանց, որ նրանք, ի վերջո, «նվիրում» են իրենց գումարները պետությանը: