Վազաշեն-Պառավաքար ճանապարհը վարորդներն են մաքրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ հունվարի 15-ի առավոտից բացվել է Իջեւան-Բերդ ավտոճանապարհի մաս կազմող Վազաշեն-Պառավաքար հատվածը: Հիմնական ճանապարհը փակվել էր հունվարի 11-ի երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո: Այդ 3 օրերի ընթացքում տրանսպորտային միջոցների երթեւեկն իրականացվում էր Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ, կիսակառույց ճանապարհով:

Այդ ճանապարհին քարակույտ էր սփռվել, որպեսզի խափանվի ադրբեջանական դիրքերին մոտ գտնվող ճանապարհով երթեւեկությունը: Սակայն վարորդները քարերը ճանապարհից հեռացնելով՝ հիմնական ճամփան բացել են: Վազաշենի գյուղապետն ասաց, որ այժմ Վազաշեն-Պառավաքար հատվածում մեքենաները երթեւեկում են հիմնական եւ շրջանցիկ ճանապարհներով: Նրանք, ովքեր Տավուշի մարզի բնակիչ են՝ այդ տեղանքին ծանոթ, գերադասում են երթեւեկել հիմնական, ասֆալտապատ, սակայն վտանգավոր ճանապարհով:

Իսկ տեղանքին անծանոթները գերադասում են համեմատաբար անվտանգ համարվող շրջանցիկ, կիսակառույց ուղին, որը խճապատ է: Նրանց համար դժվար է կողմնորոշվել, թե սահմանի այդ հատվածում տվյալ պահին իրավիճակն ինչպիսին է, ադրբեջանական զինուժը ճանապարհը գնդակոծո՞ւմ է, թե ոչ: Զարմանալի է, որ ՀՀ պետական բյուջեով ֆինանսավորվող, հրատապ ծրագիր համարվող Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի գործարկումն այդքան ձգձգվեց: Այն պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 2014թ. հուլիսին:

Ոսկան Սարգսյան




Լրահոս