2013թ. դեկտեմբերի 10-ին Խաչիկի զորամասում ինքնասպանություն գործած, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Վանիչկա Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը, դժգոհ է իր որդու մահվան գործով մեղավորների քննությունից եւ դատավճռից: Նա համոզված է, որ իր որդին ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են: Ա. Հովակիմյանի ասելով՝ իր որդուն սպանել է Վանիչկայի մահվան գործով դատապարտված, ծառայակից զինվորներից մեկը, ով զենքով ազատ շրջել է զորամասի տարածքով:
2013թ. սեպտեմբերի 1-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ո. Պապոյանը վճռել է Շմավոն Կուրեխյանին դատապարտել 7, Պարույր Մկրտչյանին 5 տարի 6 ամիս, Արման Մուրադյանին 3 տարի ժամկետով, իսկ Նարեկ Միտոյանին 6 ամիս պահել կարգապահական գումարտակում:
Դատարանը վերջինիս հանդեպ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, վճռել նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարվա փորձաշրջան: Վ. Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործով դատավճիռը բողոքարկվել է, բողոքարկողների թվում է Արամայիս Հովակիմյանը: Սույն գործով վերաքննիչ բողոքի քննությունը ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում նշանակված է հունվարի 29-ին:
Ոսկան Սարգսյան