ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առաջիկայում հնարավոր է բողոքի նոր ալիք բարձրանա: Բանն այն է, որ անցած տարի տեղացած ուժգին կարկուտից վնասված տներից ոչ բոլորին է հատկացվել պետության տրամադրած օգնությունը` շիֆերների տեսքով: Արդյունքում այսօր Ճամբարակի բազմաթիվ ընտանիքներ ստիպված են ձմեռն անցկացնել խոնավության մեջ, քանի որ նրանց տների վնասված տանիքներին հաստ շերտով ձյուն է նստած: Ընդ որում, «Ժողովուրդ»-ին դիմած ճամբարակցիների խոսքով` վնասները հաշվարկող հանձնաժողովը հաճախ միտումնավոր չի արձանագրել իրենց կրած վնասները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին տեղացած ուժգին կարկուտի պատճառով ճամբարակցիները խոշոր չափի վնասներ էին կրել, կարկուտը վնասել էր բազմաթիվ տների տանիքներ: Իսկ մարզպետարանը խոստացել էր տուժածներին օգնել շիֆերներով:
Տեղացած կարկուտի հետեւանքով տուժած 819 անհատական տների եւ 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով ՀՀ Կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրեց 69 մլն դրամ: Սակայն Կառավարության կողմից տրված օգնությունից կարծես թե ոչ բոլորն են օգտվել: Մինչդեռ Ճամբարակում, ինչպես հայտնի է, ձմեռը ավելի վաղ է սկսում եւ ուշ է ավարտվում: Եվ այն ճամբարակցիները, որոնց տների տանիքները ծածկված չեն շիֆերներով, այս ամիսներին ձյունով են պատվել, ինչի հետեւանքով տների պատերը խոնավացել են, իսկ գաջը թափվել է:
Ճամբարակի բնակիչներից մեկի՝ Սեդայի պատմելով՝ վնասները հաշվառող հանձնաժողովն իրենց կրած վնասների չափը չի գրանցել: Սակայն վերջինս առանց ցանկում հաշվառվելու ստացել է ընդամենը երկու հատիկ շիֆեր, որը, բնականաբար, շատ քիչ է տանիքը ծածկելու համար:
Տիկին Սեդան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց. «Մարդ կա մեզ մոտ, ում տանիքին կարկուտի հետեւանքով նույնիսկ փոքր անցք չի եղել, բայց 16 հատ շիֆր են տվել: Տպավորություն է, որ ծաղկաքաղ են արել: Ճամբարակում տներ կան, որոնք կողպված են, բայց, չգիտես ինչու, այդ տների սեփականատերերին էլ է շիֆր հասել: Մինչդեռ այդ տներում տարիներով մարդ չի մնում»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ճամբարակի որոշ բնակիչների պատկանող անասնագոմերի տանիքներն էլ են կարկուտից վնասվել,սակայն նրանց նույնպես ոչ մի հատիկ շիֆեր չի հասել:
Ճամբարակի մեկ այլ բնակիչ Սուրեն Հարությունյանը «Ժողովուրդ»-ին դժգոհեց՝ նշելով, որ կարկուտից կրած վնասները հաշվառող հանձնաժողովը շրջանցել է իրենց տունը: «Հետքրքրվեցի, ասում են՝ թյուրիմացություն է եղել, կշտկենք, բայց ե՞րբ, Աստված գիտի: Հետո եկան, նայեցին ու իրենցից գոհ հայտարարեցին, թե մասնակի ենք վնաս կրել, բայց չեն գրանցում: Այս պահին շինարարական «պենայով» ժամանակավոր փակել ենք այդ անցքերը: Մի քանի անգամ քաղաքապետին ներկայացրել եմ, սակայն ասում է, որ մենակ մենք չենք այս վիճակում, եւ մշտապես խոստանում է, որ լրացուցիչ կդիմի մարզպետարան»,-ներկայացրեց Ս. Հարությունյանը:
ճամբարակի մի քանի բնակիչներ խնդրի առնչությամբ բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նշենք, որ կարկուտի հետեւանքով լուրջ վնասներ կրած ճամբարակցի շուրջ 16 ազատամարտիկներ նույնպես շիֆերներ չեն ստացել:
Ճամբարակի ԵԿՄ նախագահի առաջին տեղակալ Գագիկ Տիգրանյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իրեն նույնիսկ մեկ հատիկ շիֆեր չեն տվել: «Իմ տունը գրադից տուժած է, այս պահին տանիքին ձյուն է նստած, տան պատերը խոնավացած են, բորբոսի հոտ է գալիս, բայց ոչ մի օգնություն: Իսկ նրանց, ովքեր քիչ են տուժել կամ չեն տուժել, 14-20 հատիկ շիֆրեր են բաժանել: Դա անելո՞ւ բան է: Չէ որ ես այս երկրի զինվորն եմ եղել, կռվել եմ, արյուն եմ թափել»,- զայրացավ Տիգրանյանը:
«Ժողովուրդ»-ը Ճամբարակի քաղաքապետ Յուրի Ավալյանից տեղեկացավ, որ շիֆերների բաժանումն արդեն ավարտվել է: Մեր հարցին, թե ինչու ճամբարակցիների մեծ մասը չի ստացել իրեն հասանելիք շիֆերները, նա պատասխանեց. «Բոլորն ամբողջությամբ ստացել են: Իսկ նրանք, ովքեր քաղաքում չէին, կգան կստանան: Այն բնակարանները, որոնք որ մեր հաշվառման ցուցակում եղել են, նրանք ստացել են: Ինչ վերաբերում է նրանց, որոնց հանձնաժողովը չի հաշվառել, առաջիկայում մարզպետարանում նրանց հարցը կքննարկենք ու կհասկանանք, թե իրենց ինչպես կարող ենք օգնել: Ձեզ դիմողները նրանք են, ովքեր հաշվառման ցանկում չկան: Այնուամենայնիվ, հանձնաժողովը ինչ-որ տեղ էլ բացթողումներ է արել»,- խոստովանեց քաղաքապետը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի եւ իր ընթերցողին կտեղեկացնի այս պատմության բոլոր մանրամասները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ