Դերասան Հովհաննես Դավթյանը, նույն ինքը՝ «Քաղաքում»-ի Մխոն, ով նախորդ տարի իր ներկայացման շրջանակներում քննում էր հայերիս անքնության պատճառները, այս տարի մտադիր է հանդես գալ նոր ներկայացմամբ, կրկին՝ stand up շոու-ծրագրի ձեւաչափով: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է նաեւ վերջին շրջանում համացանցը «պայթեցրած» տեսանյութին, որում ինքը ամուսնության անակնկալ առաջարկություն է անում ընտրյալին: Դերասանը խոսել է իր խենթ քայլի եւ այլ թեմաների շուրջ:
-Հովհաննե՛ս, Դուք Ձեր ներկայացումների միջոցով նոր շունչ հաղորդեցիք հայաստանյան stand up շոու-ծրագրերին, ի՞նչ եք կարծում՝ այս ձեւաչափը մեր երկրում տարածում գտնելու միտում ունի՞:
-Այո՛, արդեն նկատում եմ անհատների ու խմբերի, որոնք հանդես են գալիս ակումբային ձեւաչափով: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ իմ ներկայացրած ժանրը Հայաստանում զարգացած չէ կամ թերի է զարգացած: Շատ կուզենամ, որ ոլորտում առողջ մրցակցություն ձեւավորվի:
-Ձեր «Անքնություն» ներկայացման հիմքում դրված է արտագաղթի թեման: Այն դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ ինքներդ բախվել եք այդ խնդրին:
-Ամեն քաղաքացի էլ երբեմն ուրիշ երկիր մեկնելու, այնտեղ կարիերա անելու ցանկություն ունենում է: Ի կատար կածի նա դա, թե ոչ, կախված է հայրենասիրության չափից: Ինքս էլ, բազմիցս բախվելով անարդարության, սոցիալ-տնտեսական խնդիրների, հիասթափություններ ունեցել եմ, սակայն դրանց զուգահեռ սկսել եմ խնդիրները հաղթահարելու ուղիներ որոնել: Ներկայացումն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են փախչել մեր երկրից, բայց այնտեղ ասվում է, որ անկախ բոլոր դժվարություններից՝ պետք է մնալ հայրենիքում:
-«Քաղաքում» սերիալում Ձեր կերտած Մխոյի կերպարից, անշուշտ, շատ եք տարբերվում, այնուամենայնիվ, կա՞ «քյարթու»-ի մի հատկություն, որից չեք կարող «ձերբազատվել»:
-Դե, ես էլ հայ տղա եմ ու ինչքան էլ «քյարթու» չլինեմ, միեւնույնն է՝ կան հատկություններ, որոնք արյանս մեջ են: Դրանցից մեկն էլ առնչվում է կողակցին խանդելուն, որոշ հարցերում սահմանափակելուն: Քանի որ մեր երկրում ընդունված չափանիշները զգալի կերպով տարբերվում են աշխարհում ընդունված ստանդարտներից, տղաները ստիպված են լինում զգոնություն ցուցաբերել հատկապես այդ հարցում:
-Մի առիթով նշել էիք, որ չէիք ցանկանա՝ Ձեր կինը դերասանուհի լիներ, այնինչ, Ձեր ընտրյալը՝ Մառա Սարուխանյանը, խաղացել է սերիալում, փաստորեն, ինչից խուսափեցիք, Ձեր «գլխին եկավ»:
-Այո՛, ժամանակին ասել եմ նման բան, բայց մի բան էլ կա՝ իմ ընտրյալը, թեեւ իսկապես խաղացել է սերիալում, մասնագիտությամբ դերասանուհի չէ, տնտեսագետ է: Ինքս այն կարծիքին եմ մնում, որ դերասանությունը բարդ մասնագիտություն է, եւ տանից մեկը պետք է դրանով զբաղվի. երկու «աննորմալ» մի ընտանիքում շատ է:
-Հատկանշական է, որ Ձեր ընտրյալին ամուսնության անսպասելի առաջարկ արեցիք բեմից, մի խումբ մարդկանց, հանդիսատեսի ներկայությամբ եւ այն էլ՝ Ձեր 30-ամյակի օրը: Արդեն վախենո՞ւմ էիք Ձեր տարիքից: Նախկինում պատկերացրե՞լ էիք, որ երբեւէ կդիմեք նման խենթ քայլի:
-Երբեք չեմ պատկերացրել, որ նման քայլի կգնամ, իսկ այդ օրվան պատրաստվել էի երեք ամսում: Ինչ վերաբերում է տարիքիս, ապա դրանից չէի վախենում, պարզապես ես սովորություն ունեմ ամեն կարեւոր քայլ անել այնպես, որ այն հիշվի ողջ կյանքի ընթացքում: Մառան ուղղակի շոկի մեջ էր, մինչեւ հիմա էլ նա շատ հուզված է ու շոյված:
-Իսկ չե՞ք վախենում, որ ամուսնությունը կդառնա անքնության պատճառ:
-Ո՛չ (ծիծաղում է), կարծում եմ՝ հակառակը, այն խաղաղություն ու ներդաշնակություն կմտցնի մեր ընտանիք:
-2015 թվականից գործնական եւ անձնական կյանքին առնչվող ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Հիմա ներկայացման սցենար է գրվում, աշնանը նոր stand up շոու-ծրագիր է սպասվում, կուզենամ, որ այն հաջողությամբ պսակվի: Իսկ ինչ վերաբերում է անձնականին, շատ կցանկանանք, որ մեր ընտանիքը, Աստծո կամոք, համալրվի, բալիկ ունենանք…
Աննա Բաբաջանյան
Լուսանկարը՝ bravo.am-ի