ՌԴ-Ն ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎՍ ԽԻՍՏ ՊԱՏԺԻ ԿԵՆԹԱՐԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե վստահ է, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ խիստ է վարվելու Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանած Վալերի Պերմյակովի հետ: Ըստ մեր զրուցակցի՝ կատարվածը ՌԴ-ի համար եւս շատ ցավալի փաստ է:

-Պարո՛ն Շիրխանյան, Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանդից հետո գյումրեցիները ՀՀ իրավապահ համակարգից պահանջում են հանցագործին դատել Հայաստանում: Սակայն մինչեւ այժմ բացի խոստումներից, որ ՀՀ իրավապահներն ամեն ինչ անելու են, որպեսզի հանցագործը պատժվի, այլ բան չեն հայտարարել: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք ՀՀ իշխանություններին կհաջողվի կատարել ժողովրդի պահանջը եւ թույլ չտալ, որ հանցագործին դատեն Ռուսաստանում:
-Նախ շատ դաժան դեպք է, շատ ծանր ողբերգություն է, ցավալի ու բոլորի համար անցանկալի իրողություն: Ռուսական բազայի մասին պայմանագիրն ունի հավելվածներ, դրանցից մեկը կարգավորում է իրավաբանական խնդիրները, ըստ դրա, եթե ռուսական բազայի ծառայողը հանցագործություն է կատարում ՀՀ-ի տարածքում, ենթակա է ՀՀ-ի իրավապահ մարմիններին: Եթե Հայաստանի քաղաքացին հանցագործություն է կատարում ռուսական բազայի ենթակա տարածքում, ապա նա ենթակա է ռուսական իրավապահ մարմիններին: Ես այդպես եմ հիշում այդ արձանագրությունը, եթե հիմա դրանում ինչ-որ բան փոխվել է, ես տեղյակ չեմ: Բայց տրամաբանությունն ասում է, որ եթե նա հանցագործություն է կատարել ՀՀ քաղաքացու դեմ, ՀՀ տարածքում, ապա նա պետք է ՀՀ օրենքներով ենթարկվի պատասխանատվության:
-Փաստորեն ստացվում է, որ ՀՀ իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառո՞վ է նման իրավիճակ ստեղծվել:
-Ես դա միայն հիշելով եմ ասում, եթե ոչ մի բան չի փոխվել, եւ հայելային սկզբունքով է դա կազմված, ապա պետք է այդպես լինի, եթե փոխվել է, ապա իրենք չեն կարող դրանից դուրս քայլեր անել, որովհետեւ բոլոր իրավաբանական խնդիրները կարգավորվում են այդ արձանագրությունով: Ես վստահ եմ, որ դա շատ ծանր հարված էր նաեւ ռուսական բազայի եւ ՌԴ պաշտպանության նախարարության համար, ու իրենք շատ խիստ են վարվելու նրա հետ, որովհետեւ մի մարդու պատճառով հարցականի տակ են դրվում հսկայական խնդիրներ: Ես կասկած չունեմ, որ նա ծանր պատիժ է կրելու, շատ ծանր, լինի դա ՌԴ-ում, թե Հայաստանում, դա կապ չունի: Այնքանով է դա մեզ համար կարեւոր, որ մենք շատ ծանր ցավ ենք ապրել ամբողջ ընտանիքի համար ու ուզում ենք մեր աչքերով տեսնել, թե ինչպես է նա պատժվում: Բայց ես էլի եմ ասում՝ չեմ կարծում, որ Հայաստանի դատարանը շատ ավելի խիստ կլիներ, քան ՌԴ-ինը:
-Այս պատմությունը բազմաթիվ մութ կետեր ունի, չնայած ներկայացված պաշտոնական, կարելի է ասել` անհեթեթության հասնող վարկածին` ջուր խմելու հետ կապված, անհասկանալի է, թե ինչու պետք է 20-ամյա տղան նման հանցագործություն կատարեր: Այս օրերին ամենատարբեր վարկածների թվում առաջնային տեղում են պնդումները, թե սա պատվեր էր: Դուք նման բան հնարավոր համարո՞ւմ եք:
-Ես դժվարանում եմ հիմա ասել, որովհետեւ պետք է տիրապետել նյութերին, առանց որեւէ ինֆորմացիա ունենալու կարելի է ենթադրել, որ կա՛մ հարբած է եղել, կա՛մ նարկոտիկի ազդեցության տակ է եղել, կա՛մ հոգեկան խնդիրներ է ունեցել, կա՛մ այդ ընտանիքի անդամների հետ անձնական խնդիրներ է ունեցել, կա՛մ գուցե պատվեր է եղել: Բայց թե դրանցից ո՞րն է եղել իրականում, դա արդեն քննության խնդիրն է, դա պետք է պարզել: Ծանր է նաեւ ՌԴ-ի կորուստը, քանի որ ամբողջ աշխարհը սեւեռվելու է դրա վրա, թե տեսեք ՌԴ-ն չի կարողանում մի հատ բազա պահել Հայաստանում, եւ այսպիսի դաժան բաներ են պատահում, դա իրենց համար էլ շատ մեծ հարված է, ու իրենք էլ են շատ խիստ մոտենում:
-Բացի այն, որ այս օրերին պայթյունավտանգ իրավիճակ է Գյումրիում, լարված իրավիճակ է նաեւ սահմանում, ամեն օր կրակոցների թիվն ավելանում է, հայկական կողմը կորուստներ է ունենում: Որպես ՊՆ նախարարի նախկին տեղակալ՝ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է հակառակորդը ակտիվացել:
-Նորից պետք է ասեմ, որ բանակի մասին խոսելիս պետք է ունենալ համապատասխան ինֆորմացիա եւ տիրապետել իրավիճակին: Ես ներքին իրավիճակը չունեմ, բայց ակտիվացումը, կարծում եմ, կապված է մի քանի գործոնների հետ՝ առաջինը դա Հայոց ցեղասպանության 100 տարին է եւ դրանից բխող վտանգները Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, ուստի նրանք ամեն կերպ աշխատում են շեղել հանրային կարծիքը՝ ապացուցելով, որ Հայաստանը զավթիչ է եւ ագրեսոր: Կարծում եմ՝ այդ ակտիվությունը կշարունակվի առաջիկա ամիսներին: Ադրբեջանը երբեք միջազգային նորմերին չի ենթարկվել, հաշվի չի առել ե՛ւ ՄԱԿ-ի բանաձեւը, ե՛ւ անվտանգության խորհրդին, երբ պահանջում էին հետ քաշել ծանր տեխնիկան, պահպանել զինադադարը, նա դրանք պարբերաբար խախտել է: Ադրբեջանը միշտ արհամարհել է դրանք եւ միակ արդարացումը համարել է այն, որ ՀՀ-ն զավթել է հողերը, ու ինքը պետք է այդ հողերը հետ վերադարձնի: Սրա տակ են գալիս այդ բոլոր ակտիվացումները սահմանային գոտում:

 

 

 
ԻՆՉՈ՞Ւ Է ԵԱՀԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ «ԿՈՒՅՐ» ՁԵՎԱՆԱԼ

Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Սակայն ադրբեջանական կողմից արձակված կրակոցի պատճառով դիտարկման անցկացումն ընդհատվել է:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ Իրժի Աբերլեն (Չեխիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա), ինչպես նաեւ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):
Ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակված կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ելնելով անվտանգության նկատառումներից, նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ԼՂՀ-ի համար նման իրավիճակներն արդեն սովորական բնույթ են կրում: Հարցին, թե ինչպես կարելի է գնահատել այն փաստը, որ Ադրբեջանն արդեն հաշվի չի առնում անգամ միջազգային հանրության կարծիքը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իրավիճակն այնպիսին է, որ կարծես թե նման գնահատականներն իրենց ուժը կորցրել են: Այո՛, Ադրբեջանը միջազգային հանրության տեսակետն արհամարհում է, բայց ի՞նչ է փոխվում դրանից, եթե դրա մասին բարձրաձայնվում է: Ես կարծում եմ, որ մենք չպետք է ամեն անգամ ասենք՝ տեսե՛ք, տեսե՛ք, ինչո՞ւ իրենք չգիտեն, որ Ադրբեջանը կրակել է, որի պատճառով իրենք այդ դիտարկումը դադարեցրեցին, մենք իրենց ի՞նչ ասենք: Իրենք դա իրենց աչքով են տեսել»:
Վ. Աթանեսյանն ընդգծեց, որ նման վերաբերմունքին Արցախն արդեն շատ հանգիստ է վերաբերում. «Եղել են դեպքեր, երբ Ադրբեջանը կրակել է ԵԱՀԿ դիտորդների ուղղությամբ, ի՞նչ անենք, դրանից ողբերգությո՞ւն սարքենք, իրենց ներկայությամբ կրակել են, ու իրենք էլ կարող են վերաբերմունք արտահայտել: Եթե չեն արտահայտում, ուրեմն նշանակում է, որ իրենք ուզում են, որպեսզի նման իրավիճակ լինի: Այս է գնահատականը, այլ բան ես չեմ կարող ասել»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԷԻՆ
Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուշեղ Պետոյանն ու ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ մինչ կեսգիշեր այդպես էլ հարկ չհամարեցին անձամբ գնալ Գյումրի: «Ժողովուրդ»-ը մինչ կեսգիշեր փորձեց զրուցել նրանց հետ՝ պարզելու, թե ինչու են միայնակ թողել իրենց ընտրողներին ոստիկանների մահակների առջեւ: Սակայն պատգամավորներն անջատել էին իրենց հեռախոսը կամ էլ համառորեն չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին: Միայն Հ. Մարգարյանն ասաց, թե Գյումրիի ճանապարհին է, բայց լարվածությունն արդեն թուլացել էր: Իսկապես որ պատգամավորները փողի կամ իշխանական լծակների օգնությամբ ընտրվում ու հեռանում են տարածքից. մանդատը նրանց համար անհրաժեշտ է միայն անձնական խնդիրները կարգավորելու համար: Նրանք թքած ունեն ընտրողների վրա: Միայն ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն էր իրականում կանգնած իր ընտրողների կողքին:
Գորտի պես սառը վերաբերմունք ցուցաբերեցին նաեւ հայ-ռուսական բարեկամության շքանշաններով պարգեւատրված գործիչներն ու պաշտոնյաները: Նրանք եւս մատը մատին չտվեցին, որպեսզի հանդարտեցնեին իրավիճակը՝ հանուն ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամության: Մի խոսքով, երբ իրավիճակը լարվում է, բոլորն անցնում են «ջրի հատակը»:

 

ԴԱՏԱՎՈՐ ԿԴԱՌՆԱ
Հայաստանում դատավորների, դատախազների, նախարարների որդիները ավանդաբար դատավոր են դառնում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին քննիչ Հեկտոր Սարդարյանի որդին եւս հավակնում է դատավոր նշանակվել: Խոսքը փաստաբան Արսեն Սարդարյանի մասին է, որն ընդգրկված է ապագա դատավորների ցուցակում: Մնում է սպասել, թե երբ կլինի դատավորի թափուր պաշտոն, որպեսզի նրան ՀՀ նախագահը դատավոր նշանակի:

 

ՆԱՄԱԿ ԵՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցներ գործարանի առջեւից երթով քայլելու են դեպի նախագահի նստավայր՝ նամակ հանձնելու: Նամակի բովանդակությունը վերաբերում է գործարանի պարտքերի եւ աշխատակիցների աշխատավարձերի պարտքերին: Ի դեպ, նրանք նախագահականի մոտ կհավաքվեն նաեւ շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի օրերին: Երեկ «Ժողովուրդ»-ը «Նաիրիտի» աշխատակիցներից տեղեկացավ, որ մինչեւ փետրվարի 6-ը գործարանի բոլոր աշխատակիցները կրճատվելու են, բացառությամբ պահակների, ովքեր պետք է մնան, քանի որ գործարանում կան արժեքավոր եւ իրենցից վտանգ ներկայացնող նյութեր, որոնք հսկողության կարիք ունեն: Հավելենք, որ նաիրիտցիներն իրենց աշխատավարձը վերջին անգամ ստացել են դեկտեմբերի 16-ին: Մի ամսվա աշխատավարձ էլ մինչեւ հունվարի 20-ը կվճարվի:




Լրահոս