ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԱԾ ԽԺԴԺՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրիում վերսկսված բողոքի ցույցերն ավարտվեցին ցուցարարների եւ ոստիկանության բախումներով: Արդյունքում Գյումրիում 14 մարդ վիրավորվել է, որից 9 քաղաքացիներ են, իսկ հինգը` ոստիկաններ:

Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, որ գյումրեցիները, ինչպես նախորդ օրը հայտարարել էին, ժամը 17-ի սահմաններում հավաքվեցին Գյումրիում` Շիրակի մարզի դատախազության դիմաց, եւ պահանջեցին, որ երաշխիքներ տրվեն՝ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության մեջ մեղադրվող, ՌԴ զինված ուժերի զինծառայող Վալերի Պերմյակովը կդատապարտվի Հայաստանի դատարանում: Գյումրիում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ցուցարարներին առաջարկեց, որ 20-30 հոգի գնան ներս` իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար: Սակայն ցուցարարները հրաժարվեցին ներս գնալ, եւ Կոստանյանը սկսեց հենց դատախազության շենքի դիմաց ցուցարարների հարցերին պատասխանել: Քաղաքացիները պնդում էին, որ գլխավոր դատախազը խոստում տա, որ ոճրագործութան մեջ մեղադրվողի դատավարությունը Հայաստանի դատարանում տեղի կունենա: Իսկ Կոստանյանի այն խոստումը, որ ոճրագործի դատն անպայման Հայաստանում է տեղի ունենալու, մարդկանց չէր բավարարում:
Բանն այն է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան այստեղ ունի դատարան, որը գտնվում է Երեւանում, եւ երեկ Վալերի Պերմյակովի նկատմամբ որպես խափանման միջոց արդեն կալանք է ընտրել հենց այդ դատարանը` ՌԴ օրենսդրությամբ նրան առաջադրված մեղադրանքի շրջանակներում: Կոստանյանը ցուցարարներին վստահեցրեց, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն արդեն ներգրավված են քրեական գործում եւ քննչական գործողություններ են իրականացնում: 18:30-ի սահմաններում դատախազության մոտ ժամանեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նրան եւս չհաջողվեց ցուցարարներին համոզել, որ վստահեն Հայաստանի իրավապահների խոստումներին առ այն, որ Պերմյակովը ՀՀ օրենսդրության համապատասխան է պատասխանատվության ենթարկվելու: Շիրակի թեմի առաջնորդը, ՀՀ գլխավոր դատախազի հետ զրուցելուց հետո, նրա հետ միասին վերադարձավ ցուցարարների մոտ եւ հայտարարեց, որ Կոստանյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի ցուցարարների պահանջը կատարվի, ու ոճրագործը Հայաստանում դատապարտվի: Գլխավոր դատախազը նաեւ հրապարակավ խոստացավ այս հարցով դիմել ՌԴ գլխավոր դատախազին:
Այնուհետեւ ցուցարարները պահանջեցին բերել շատ կարճ տեսանյութ, որը կապացուցի, որ ոճրագործը շարունակում է պահվել Հայաստանում: Արդեն 19:30-ի սահմաններում ցուցարարների մի մասը շարժվեց դեպի Գյումրիի ՌԴ հյուպատոսարան:
Ժամը 20-ի սահմաններում այստեղ իրավիճակը կտրուկ լարվեց, եւ հատուկ միջոցներով զինված ոստիկանները սկսեցին ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Ի դեպ, դեռեւս ժամը 17:50-ի սահմաններում դատախազության դիմաց ցուցարարների հետեւի շարքերից քարեր էին նետվել դատախազության ուղղությամբ: Ցուցարարներն իրենք էին միջոցներ ձեռնարկել քարեր նետողներին հանգստացնելու ուղղությամբ` չբացառելով, որ նրանք կարող են սադրիչներ լինել:
ՌԴ հյուպատոսության մոտ ցուցարարներից մի քանիսը քարեր նետեցին նաեւ ոստիկանների ուղղությամբ, իսկ վերջիններս հատուկ միջոցներ կիրառեցին ցուցարարների նկատմամբ` փորձելով ցրել մարդկանց: Ոստիկաններն օգտագործեցին նաեւ լուսաձայնային նռնակներ: Արդեն ժամը 20:10-ի սահմաններում բախումներից վնասվածք ստացած առաջին տուժողները տեղափոխվեցին հիվանդանոց: Տուժած քաղաքացիները հիմնականում բուժօգնություն են ստացել եւ գնացել տուն, իսկ տուժած հինգ ոստիկաններից երեքը գանգուղեղային վնասվածքներ են ստացել եւ պետք է ստացիոնար բուժում ստանան:
Ժամը 21-ի սահմաններում ՌԴ հյուպատոսության հարակից տարածք ժամանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ընտրված Մարտուն Գրիգորյանը: Նա ցուցարարներին կոչ արեց տեղափոխվել դատախազության շենքի մոտ՝ խոստանալով, որ ինքը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը երեկ նունպես Գյումրիում էր, կայցելեն ՌԴ զորամաս` համոզվելու համար, որ ոճրագործին շարունակում են այնտեղ պահել: Ժամը 22:20-ի սահմաններում դատախազության շենքի մոտ ժամանեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նա ցուցարարներին կոչ արեց տուն գնալ եւ թույլ չտալ, որ իրավիճակն ավելի սրվի, ու նոր տուժածներ լինեն: Ցուցարարների մի մասը ցրվեց, իսկ մոտ հարյուր հոգի սպասեց Մարտուն Գրիգորյանի վերադարձին: 23:20-ի սահմաններում վերադառնալով՝ Գրիգորյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ ինքն անձամբ տեսել է Վալերի Պերմյակովին` մենախցում փակված, եւ վստահեցրեց, որ նա շարունակում է պահվել Հայաստանում: Այնուհետեւ, Գրիգորյանը ցուցարարներին կոչ արեց ցրվել: Մարդիկ դժկամությամբ, այնուամենայնիվ համաձայնեցին տուն գնալ՝ հայտարարելով, թե ցանկանում են համոզվել, որ բերման ենթարկվածներն անպայման ազատ կարձակվեն: Մյուս կողմից էլ պատգամավորը մարդկանց համոզում էր տուն գնալ, որպեսզի իրենք հնարավորություն ունենան բերման ենթարկվածներով զբաղվել:
Ի դեպ, երեկ մինչեւ ուշ գիշեր դեռ հայտնի չէր, թե Գյումրիում տեղի ունեցած դեպքերի արդյունքում քանի հոգի է բերման ենթարկվել: Ոչ պաշտոնապես նշվում էր 13 հոգի, որոնց մի մասն, ի դեպ, Երեւանից Գյումրի ժամանած ակտիվիստներ էին:
Ժամը 22-ի սահմաններում հայտնի դարձավ, որ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել նաեւ Երեւանի Ազատության հրապարակում` գյումրեցիներին իրենց զորակցությունն հայտնելու նպատակով: Սակայն քիչ անց ոստիկանությունը սկսեց նրանց մի մասին բերման ենթարկել: Ազատության հրապարակից բերման ենթարկվածների մասին եւս պաշտոնապես ոչ մի տվյալ մինչեւ ուշ գիշեր չէր ներկայացվում: Ոչ պաշտոնապես հայտնի էր միայն, որ տարբեր ժամերի` 22-ից մինչեւ ժամը 00-ի սահմաններում, բերման են ենթարկվել ավելի քան 30 հոգի, որոնց մեջ են ոչ միան ակտիվ քաղաքացիներ, այլ նաեւ իրավապաշտպաններ ու փաստաբաններ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԵՐԵՎԱՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ երեկոյան Երեւան-Գյումրի ավտոճանապարհը փակվել էր ՀՀ ոստիկանության կողմից: Լրագրողներին ու հասարակական-քաղաքական գործիչներին պարզապես թույլ չէին տալիս մայրաքաղաքից դուրս գալ՝ Գյումրի գնալու նպատակով: Փակ էին Աբովյան եւ Աշտարակ տանող ավտոճանապարհները:

 

ԲՀԿ-Ն ՉԻ ՈՒԶՈՒՄ
«Ժողովուրդ»-ը երեկ ԲՀԿ-ականներից փորձեց պարզել՝ արդյո՞ք իրենք համաձայն են, որպեսզի Ազգային ժողովում լսումներ կազմակերպվեն Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները քննարկելու առիթով: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց.«Ես ընդհանուր առմամբ չեմ կարողանում այդ ողբերգության առթիվ տիրապետել ցավս: Որեւէ այլ բան, բացի նրանից, որ ցավում ենք, վրդովված ենք՝ անսահման, պահանջում ու ակնկալում ենք պատիժ եւ չենք էլ ուզում կասկածել, որ հանցագործը եւ մեղավորները կկրեն առավելագույն պատիժ: Անկեղծ ասած՝ զարմանում եմ, թե ինչպե՞ս կարելի է այս թեմայի շուրջ ինչ-որ ձեւաչափերի կամ քաղաքական գործողությունների մասին խոսել: Եթե կուսակցությունը որեւէ այլ ասելիք ունենա, ես սիրով կտեղեկացնեմ»:

 

ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ամանորի նախօրեին՝ 2014թ. դեկտեմբերի 29-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Վիկտոր Ռեբեցն ընկերության անունով ՀՀ է ներմուծել հեղյուսներ՝ իրենց պնդօղակներով, երկաթուղային գծի կոնստրուկցիոն տարրերի ամրակապման համար, որոնց վերաբերյալ սահմանված ժամանակում հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմին: Արդյունքում ընկերությունը տուգանվել է 50 հազար դրամի չափով:

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2014թ. դեկտեմբերի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Կառավարության 2-րդ մասնաշենքում: Մի կին իր դստեր հետ գնացել եւ հանդիպում է խնդրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Սակայն կնոջն ասել են, թե նախարարը չի կարող ընդունել, քանի որ հանդիպումների համար նախատեսված օր կա. պետք է գալ տոներից հետո: Տիկինը չի համաձայնել եւ կառավարության շենքում շպրտելով պայուսակը՝ հայտարարել է, թե ինքն ինքնասպան կլինի՝ ցած նետվելով կամուրջից, ապա դստեր հետ դուրս է եկել մասնաշենքից: Ըստ էության, ՀՀ Կառավարության մասնաշենքի պատասխանատու ոստիկանները կնոջ հայտարարության մասին տեղյակ են պահել կամուրջները հսկող ոստիկաններին: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված օրը Կիեւյան կամրջի մոտ ոստիկանները կարողացել են կանխել կնոջ ինքնասպանության փորձը եւ նրան տարել են ոստիկանության բաժին:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎԵՐԱՆԱՅԵԼ ԵՆ
ՀՀ Կառավարության երեկվա որոշման համաձայն՝ փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված, մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից եւ ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:

 

ՀԱՐՎԱԾ ՍԳՈ ԲԻԶՆԵՍԻՆ
Երեւանի վարչական տարածքում կան մեկ տասնյակից ավել վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված ծառայություններ: Դրանց մի մասը գտնվում է քաղաքի բանուկ հատվածներում, բազմաբնակարան շենքերի եւ դպրոցների հարեւանությամբ եւ առաջացնում է բնակիչների արդարացված դժգոհությունը: Նկատի առնելով այս հանգամանքը՝ Կառավարությունը երեկ հավանություն է տվել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ եւս չորս օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացմանն առնչվող հարաբերությունները:

 

ՀԱՄԵՄԱՏԵԼ Է
ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում անդրադաձ է եղել նաեւ Գյումրիում կատարված ոճրագործությանը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո հայտարարել է. «Գյումրու դեպքը ողբերգություն է բոլորիս համար, բայց իրականացնողը ձերբակալվել է, իրականացնողը ստահակ եւ տականք է, բայց միեւնույն ժամանակ չեմ կարծում, որ զգացմունքներին պետք է տրվենք, հուզականության չափաքանակի ավելացումը որեւէ օգուտ չի տա գործին: Սա իրավական խնդիր է, եւ անհարկի քաղաքական գնահատականները որեւէ մեկի շահերից չեն բխում: Տականքն ազգային պատկանելություն չունի: Նաիրի Հունանյանը ի՞նչ ազգ էր, Հունանյան եղբայրները ռո՞ւս էին, թե՞ այլ ազգի ներկայացուցիչ»:

 

ՊԱՌԱԿՏՈՒՄ Է
Անդրադառնալով այն փաստին, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հունվարի 20-ին հրավիրած խորհրդաժողովին` Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Առաջին լրատվականին» ասել է. «Ես ուղղակի զարմանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, որ համարում է, թե միայն ինքն է հավակնորդը: Պառակտելով ինչքա՞ն կարելի է… Արդեն երրորդ շարժումն եք պառակտում: Եթե դա համաժողովրդական շարժում է, փաստորեն խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը միանում են, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել: Գնում ես նպատակիդ, գործիդ աշե, ի՞նչն է խանգարում»:




Լրահոս