Պատմությունն առհասարակ ունի կրկնվելու հատկություն եւ հատկապես այն ժողովուրդների համար, որոնց առաջնորդները չեն կարողանում դասեր քաղել պատմական սխալներից։ Գրեթե 700-ամյա ընդմիջումից հետո 20-րդ դարում հայ ժողովուրդը երկու անգամ հնարավորություն է ստացել կերտելու անկախ պետականություն։ Դարասկզբի եւ դարավերջի պատմական այդ ժամանակահատվածների մակերեսային համեմատությունն անգամ ցույց է տալիս, որ, ցավոք, ակնհայտ են պատմության կրկնվելու բոլոր նախանշանները։
1918 թվականին անկախությունը ձեռք է բերվել հետեւյալ պայմաններում՝ առաջին համաշխարհային պատերազմի ավարտ, Ռուսական կայսրության կործանում, քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական պատերազմներ, հայկական տարածքների վերամիավորման իրական հնարավորություն (Սեւրի պայմանագիր)։ Պատմության հետագա ընթացքը, սակայն, շատ կարճ ժամանակահատվածում կործանեց մեր անկախությունը՝ ներքին կայունության հաստատում Ռուսաստանում, ներքին երկպառակությունների խորացում Հայաստանում, նախկին կայսրության տարածքների բռնակցում Կարմիր բանակի միջոցով, Ռուսաստանի կողմից հայկական տարածքների նվիրաբերում Թուրքիային եւ Ադրբեջանին (Արեւմտյան Հայաստան, Արցախ, Նախիջեւան)։
1991 թվականին անկախությունը հռչակվել է գրեթե նույն պայմաններում՝ սառը պատերազմի ավարտ, Խորհրդային կայսրության փլուզում, նորանկախ պետությունների հռչակում, հայ-ադրբեջանական պատերազմ, Արցախի վերամիավորման իրական հնարավորություն եւ համայն հայության միասնական ուժերով այդ հնարավորության իրականացում։ Հետագա ընթացքը նույնպես կրկնություն է մի տարբերությամբ, որ դեպքերը ժամանակագրական առումով ավելի երկար են տեւում՝ քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում (1991-1993թթ. 1994-2000թթ. չեչենական պատերազմ), կայունության հաստատում Ռուսաստանում (2000-2008թթ.), ներքին երկպառակությունների խորացում Հայաստանում (Հոկտեմբերի 27, Մարտի 1)։
2008 թվականի ռուս-վրացական 6-օրյա պատերազմից սկսած Ռուսաստանը նախաձեռնել է մի գործընթաց, որը դարասկզբի նմանությամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ նախկին կայսրության տարածքների բռնակցում (Աբխազիա, Հարավային Օսիա)։ Իհարկե, 21-րդ դարում միշտ չէ, որ հնարավոր է «Կարմիր բանակի» միջոցով լուծել հարցերը, այդ իսկ պատճառով այժմ գործի են դրվում տնտեսական ու քաղաքական շանտաժի նորանոր մեթոդներ, որոնց արդյունքում ծնվել է ԵՏՄ ստեղծելու՝ Ռուսաստանի ծրագիրը։ Այն, որ ԵՏՄ-ը ստեղծվում է Ռուսաստանի թելադրանքով, ակնհայտ է, քանի որ այդ միությանը անդամակցած 4 երկրներից եւ ոչ մեկում միությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե տեղի չի ունեցել։ Պատկերն ավելի ամբողջական կդառնա, եթե ավելացնեմ, որ այդ երկրների ղեկավարներից եւ ոչ մեկը ժողովրդավարական ընտրություններով ընտրված չէ, եւ այդ երկրների իշխանությունները կարելի է որակել որպես բռնատիրական ռեժիմներ, իսկ իրենց՝ ցմահ իշխանավարումն ապահոված ղեկավարներին՝ դիկտատորներ (Պուտին, Նազարբաեւ, Լուկաշենկո)։ Ինչ վերաբերում է այդ կառույցին Հայաստանի անդամակցության պարագային, ապա այդ հարցում Ռուսաստանի ճնշումն այնքան ակնհայտ էր, որ անգամ Սերժ Սարգսյանն է խոստովանել, որ այդ որոշումն ինքը կայացրել է մի գիշերվա ընթացքում՝ առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու։ Դե, իսկ Ուկրաինայի դեպքերը վերջնականապես ապացուցեցին, որ Ռուսաստանը պատրաստ է հարկ եղած դեպքում օգտագործել նաեւ «Կարմիր բանակը» եւ լուծել կայսրության ընդլայնման իր գերխնդիրը ( Ղրիմ, Դոնբաս)։
Կարծում եմ, որ վերը նշվածը բավարար է ընդունելու համար, որ 1918-1920թթ. եւ 1991-2014թթ. դեպքերը շատ չնչին տարբերությամբ կրկնվում են, եւ հասկանալու, որ այսօր մենք ազգովի կանգնած ենք 1921թ. ռուս-թուրքական խայտառակ պայմանագրերի կրկնման շեմին, պայմանագրեր, որոնցով Ռուսաստանը հայկական տարածքները Թուրքիային ու Ադրբեջանին նվիրաբերելու միջոցով փորձում էր լուծել համաշխարհային հեղափոխության կեղծ գաղափարի տարածման խնդիրը։ 2014 թվականի տարեվերջին տեղի ունեցած աշխարհաքաղաքական գործընթացները վկայում են, որ մենք նույնիսկ ոչ թե այդ պայմանագրերի կրկնման շեմին ենք, այլ անցել ենք այն։ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին ռուս-թուրքական հարաբերությունների վերջին ջերմացումն ու նավթային խոշոր պայմանագրերի ստորագրումը վկայում են, որ մենք արդեն իսկ մտել ենք տարածքային կորուստներ կրելու վերջին փուլ։ Ասվածի եւս մի վկայություն էլ այն է, որ դեռ ԵՏՄ չմտած՝ Հայաստանն արդեն իսկ հայտարարել է, որ այդ կառույցին անդամակցում է առանց Արցախի։ Ասել է թե՝ Արցախի ճակատագիրը մենք թողնում ենք ԵՏՄ քմահաճույքին, եւ եթե այդ կառույցի հզորները մի օր որոշեն այն, ապա ձայնազուրկի կարգավիճակում գտնվող Հայաստանի կարծիքը չեն էլ հարցնելու։ Ակամայից կրկին նմանեցնում եմ 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում, առանց Հայաստանի մասնակցության, Հայաստանի սահմանների որոշման պահին։ Այնպես որ ամենեւին չի բացառվում ԵՏՄ ընդլայնման պատրվակով Արցախի զոհաբերման սցենարի կրկնությունը։
Չխորանալով, թե ովքեր են մեղավոր Հայաստանի առաջին հանրապետության կործանման համար, այնուամենայնիվ, կարող եմ պնդել, որ եթե չլիներ Գարեգին Նժդեհ անհատը, ապա մենք Զանգեզուրը եւս կկորցնեինք։ Ինչ վերաբերում է այսօրվան, ապա մեր երկիրն այս վիճակին հասցնելու համար, երբ ընդամենը 20 տարի առաջ հերոսական պայքարում հաղթանակած ժողովուրդը հլու-հնազանդ գնում է դեպի գիշերային որոշմամբ հաստատված ստրկության, առաջին հերթին մեղավոր են Հայաստանի 3 նախագահները, որոնք իրենց այսրոպեական շահի համար դավաճանեցին մեր ազգային շահին՝ 88-ի շարժմանը, Անկախության հռչակագրին, անկախություն հռչակած հայ ժողովրդի կամքին, մեր Արցախին, մեր Եռագույնին, մեր Զինանշանին, մեր Եռաբլուրին, մեր Հաղթանակին…
Այո՛, հենց նրանք են Հայաստանը հասցրել այս ամուլ վիճակին, երբ այս ակնհայտ վտանգի դեմ շատերը չեն բարձրաձայնում։ Նրանք մոռացել են, որ իրենց ձեռքը դրել են Ավետարանի ու Սահմանադրության վրա ու երդվել, որ կլինեն մեր անկախության երաշխավորը։ Այդ նրանք են ամբողջովին փոշիացրել Հայաստանի քաղաքական դաշտն ու հասցրել այն վիճակին, որ մեր «քաղաքական էլիտայի» մի մասը՝ իրենց նժդեհական համարողներն ու ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի տեսլականով առաջնորդվողները, զբաղված են սահմանադրական բարեփոխումներով, իսկ մյուս մասն էլ՝ «թեժ աշուն-թեժ գարուն» տունտունիկով։ Անկախության կերտման առանցքային դեմքերը, որոնք հենց անկախության գաղափարով եկան իշխանության, այսօր փորձում են մեզ համոզել, որ ԵՏՄ մտնելն այլընտրանք չունի, ու դա ասում են՝ թաքուն հույս ունենալով, որ հիմա էլ այդ ճանապարհով կարող են ստանալ օտար տիրակալների ողորմածությունն ու կրկին վերարտադրվել կամ գալ իշխանության։ Հիմա անհասկանալի է՝ այդ մարդիկ Հայաստանի անկախության նվիրյալներ ե՞ն, թե՞ օտար երկրների շահերի սպասարկու։ Ի՞նչ է այսօր կատարվում, ոչ մի նվիրական գաղափար չի մնացել, 90-ականների կոմերիտական նոմենկլատուրան դարձել է Նժդեհի ուսմունք քարոզող ու մեզ տանում է առաջ՝ դեպի ապահով Հայաստան ԵՏՄ-ում։ Ինչպես ժողովրդական առածն է ասում՝ «ջուրն եկել, ջաղացը տարել է, մենք դեռ չախչախի մասին ենք խոսում»։ Ի՞նչ սահմանադրական բարեփոխումներ, ի՞նչ խորհրդարանական կամ նախագահական կառավարում, մտցրե՛ք գեներալ նահանգապետի կամ կենտկոմի քարտուղարի պաշտոն, եւ վերջ ամեն ինչին ու ամեն տեսակ թեժ աշուններին։ Ինչպես իմ վերջին հարցազրույցներից մեկում եմ ասել՝ միեւնույն է՝ այսօր բոլորն էլ սպասում են Ռուսական կայսրության թագի ողորմածությանը։
Իմ ծնողները ծնվել են Մեծ Եղեռնի ժամանակահատվածում, հայրս ծնվել է 1912 թվականին, մայրս՝ 1915-ին, եւ ես, բացի պատմական տվյալներից, այդ մեծ արհավիրքի մասին սարսափազդու պատմություններ լսել եմ նաեւ նրանցից։ Ես չունեմ որեւէ գիտական աստիճան եւ այս ամենն ասում եմ ազատամարտիկի եւ հրամանատարի պարզ շիտակությամբ, ես տեսնում եմ այդ վտանգը։ Մինչդեռ, այս բախտորոշ ժամանակաշրջանում, իրենց գիտուն համարող շատ շատերը, չտեսնելու տալով այս ամենը, իրենց «խելացի» պահվածքով ժողովրդին տանում են դեպի ակնհայտ կործանում։ Մենք վերջապես պետք է դասեր քաղենք հայոց պատմության ամենաողբերգական դեպքերից, որովհետեւ, Աստված մի արասցե, ցեղասպանության կրկնությունը հայ ազգի համար կլինի մեր հազարամյա պատմության եզրափակիչ դրվագը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այսօրվա կեղծ նժդեհականներին փոխարինելու գան Նժդեհի իրական գաղափարակիրները, որոնք կկարողանան համախմբել ժողովրդին ու փրկել մեր հայրենիքը։
Վերջապես ժամանակն է համախմբվելու։ Ուշքի եկե՛ք, հայե՛ր…
«Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար,
«Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման
կառավարման խորհրդի անդամ
ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ՝ ԱՆՈՐՈՇ ՎԻՃԱԿ
Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ հունվարի 15-ի առավոտից բացվել է Իջեւան-Բերդ ավտոճանապարհի մաս կազմող Վազաշեն-Պառավաքար հատվածը: Հիմնական ճանապարհը փակվել էր հունվարի 11-ի երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո: Այդ 3 օրերի ընթացքում տրանսպորտային միջոցների երթեւեկն իրականացվում էր Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ, կիսակառույց ճանապարհով: Այդ ճանապարհին քարակույտ էր սփռվել, որպեսզի խափանվի ադրբեջանական դիրքերին մոտ գտնվող ճանապարհով երթեւեկությունը: Սակայն վարորդները քարերը ճանապարհից հեռացնելով՝ հիմնական ճամփան բացել են: Վազաշենի գյուղապետն ասաց, որ այժմ Վազաշեն-Պառավաքար հատվածում մեքենաները երթեւեկում են հիմնական եւ շրջանցիկ ճանապարհներով: Նրանք, ովքեր Տավուշի մարզի բնակիչ են՝ այդ տեղանքին ծանոթ, գերադասում են երթեւեկել հիմնական, ասֆալտապատ, սակայն վտանգավոր ճանապարհով: Իսկ տեղանքին անծանոթները գերադասում են համեմատաբար անվտանգ համարվող շրջանցիկ, կիսակառույց ուղին, որը խճապատ է: Նրանց համար դժվար է կողմնորոշվել, թե սահմանի այդ հատվածում տվյալ պահին իրավիճակն ինչպիսին է, ադրբեջանական զինուժը ճանապարհը գնդակոծո՞ւմ է, թե ոչ: Զարմանալի է, որ ՀՀ պետական բյուջեով ֆինանսավորվող, հրատապ ծրագիր համարվող Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի գործարկումն այդքան ձգձգվեց: Այն պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 2014թ. հուլիսին:
ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԸ ԴԺԳՈՀ Է
2013թ. դեկտեմբերի 10-ին Խաչիկի զորամասում ինքնասպանություն գործած, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Վանիչկա Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը, դժգոհ է իր որդու մահվան գործով մեղավորների քննությունից եւ դատավճռից: Նա համոզված է, որ իր որդին ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են: Ա. Հովակիմյանի ասելով՝ իր որդուն սպանել է Վանիչկայի մահվան գործով դատապարտված, ծառայակից զինվորներից մեկը, ով զենքով ազատ շրջել է զորամասի տարածքով: 2013թ. սեպտեմբերի 1-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ո. Պապոյանը վճռել է Շմավոն Կուրեխյանին դատապարտել 7, Պարույր Մկրտչյանին 5 տարի 6 ամիս, Արման Մուրադյանին 3 տարի ժամկետով, իսկ Նարեկ Միտոյանին 6 ամիս պահել կարգապահական գումարտակում: Դատարանը վերջինիս հանդեպ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, վճռել նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարվա փորձաշրջան: Վ. Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործով դատավճիռը բողոքարկվել է, բողոքարկողների թվում է Արամայիս Հովակիմյանը: Սույն գործով վերաքննիչ բողոքի քննությունը ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում նշանակված է հունվարի 29-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ