Արմատներով գյումրեցի մոդել Լիլիթ Մարտիրոսն, ով այս օրերում Գյումրիում է, անդրադառնալով հանրապետության երկրորդ քաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցերին ու դրանց ուղեկցող իրադարձություններին, Armlur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գյումրեցիների՝ ռուս մարդասպանին Հայաստանում պատժելու պայմանը միանգամայն արդարացի է.
«Իմ քաղաքում բոլորս ենք սգում, սա համընդհանուր հոգու ցավ է, որն ուժեղ է ցանկացած մարմնական ցավից և բժշկելը շատ դժվար է, այն ուղղակի քայքայիչ է: Հնարավոր չէ նկարագրել այդ անդիմադրելի կորուստն ու կսկիծը: Մարդկային գիտացությունը չի կարող ընկալել տեղի ունեցածը, միայն գազանն է ընդունակ նման արարքի: Չնայած՝ գազաններ կան, որոնք պաշտպանում են անմեղ մանուկին, ոչ թե դաժանաբար ցավեցնում են՝ թե մարմնապես, թե հոգեպես՝ նրան զրկելով մայրիկի տաքուկ գրկից, ընտանիքի մյուս անդամներից: Ինքս էլ պահանջում եմ, որ մարդասպանը հանձնվի հայ իրավապահներին»,-ասաց նա:
Մոդելի խոսքով՝ ոստիկանների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած հետագա բախումները գյումրեցիներին շատ է հուզել. «Չեմ ուզում, որ որևէ հայ վնասվի՝ լինի դա ոստիկան, բանվոր թե քաղաքական գործիչ: Մենք պետք է միասնական լինենք ու խնայենք մեկս մյուսիս, մեր պահանջների բավարարմանը պետք է հասնենք խելամիտ գործողությունների արդյունքում՝ մի կողմ դնելով էմոցիաները»,-ընդգծեց Լիլիթ Մարտիրոսը՝ հավելելով, որ անչափ շնորհակալ է Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանին, «ում ամեն խոսքը մի գանձ է»:
Մոդելին հիացրել են նաեւ քաղաքի երիտասարդ, պայքարող տղաները. «Նրանք իսկական հայ արծիվներ են, քաջ են ու խելացի, նման երիտասարդների կողքին յուրաքանչյուր մայր, կին, աղջիկ, քույր իրեն անսահման հպարտ ու ուժեղ է զգում»,-նկատեց նա:
Լիլիթ Մարտիրոսը համայն հայությանը խնդրեց սրտացավ լինել միմյանց նկատմամբ. «Ոչ մի պետություն կամ ազգ այդքան չի սիրում մեր երկիրը, որքան՝ մենք: Եվ մեր հայրենիքը պահելու, պահպանելու գործը մեր ձեռքերում է: Սիրում եմ Հայաստանն ու Գյումրին, մեր տաղանդավոր, արվեստասեր, հրաշք ժողովրդին, որը բազում ցավեր, Ցեղասպանություն ու երկրաշարժ է տեսել, բայց երբեք ծնկի չի իջել, չի հանձնվել: Եղել ենք, կանք ու կլինենք: Մեր երկինքն էլ թող միշտ խաղաղ լինի»,-ասաց նա:
Մոդելը կոչ արեց աղոթել Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգու հանգստության և կրստեր զավակի ՝ Սերյոժայի ապաքինման համար:
Աննա Բաբաջանյան