ՃԱՄԲԱՐԱԿՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂԱԲԱՐ ԵՆ ՕԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առաջիկայում հնարավոր է բողոքի նոր ալիք բարձրանա: Բանն այն է, որ անցած տարի տեղացած ուժգին կարկուտից վնասված տներից ոչ բոլորին է հատկացվել պետության տրամադրած օգնությունը` շիֆերների տեսքով: Արդյունքում այսօր Ճամբարակի բազմաթիվ ընտանիքներ ստիպված են ձմեռն անցկացնել խոնավության մեջ, քանի որ նրանց տների վնասված տանիքներին հաստ շերտով ձյուն է նստած: Ընդ որում, «Ժողովուրդ»-ին դիմած ճամբարակցիների խոսքով` վնասները հաշվարկող հանձնաժողովը հաճախ միտումնավոր չի արձանագրել իրենց կրած վնասները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին տեղացած ուժգին կարկուտի պատճառով ճամբարակցիները խոշոր չափի վնասներ էին կրել, կարկուտը վնասել էր բազմաթիվ տների տանիքներ: Իսկ մարզպետարանը խոստացել էր տուժածներին օգնել շիֆերներով:
Տեղացած կարկուտի հետեւանքով տուժած 819 անհատական տների եւ 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով ՀՀ Կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրեց 69 մլն դրամ: Սակայն Կառավարության կողմից տրված օգնությունից կարծես թե ոչ բոլորն են օգտվել: Մինչդեռ Ճամբարակում, ինչպես հայտնի է, ձմեռը ավելի վաղ է սկսում եւ ուշ է ավարտվում: Եվ այն ճամբարակցիները, որոնց տների տանիքները ծածկված չեն շիֆերներով, այս ամիսներին ձյունով են պատվել, ինչի հետեւանքով տների պատերը խոնավացել են, իսկ գաջը թափվել է:
Ճամբարակի բնակիչներից մեկի՝ Սեդայի պատմելով՝ վնասները հաշվառող հանձնաժողովն իրենց կրած վնասների չափը չի գրանցել: Սակայն վերջինս առանց ցանկում հաշվառվելու ստացել է ընդամենը երկու հատիկ շիֆեր, որը, բնականաբար, շատ քիչ է տանիքը ծածկելու համար:
Տիկին Սեդան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց. «Մարդ կա մեզ մոտ, ում տանիքին կարկուտի հետեւանքով նույնիսկ փոքր անցք չի եղել, բայց 16 հատ շիֆր են տվել: Տպավորություն է, որ ծաղկաքաղ են արել: Ճամբարակում տներ կան, որոնք կողպված են, բայց, չգիտես ինչու, այդ տների սեփականատերերին էլ է շիֆր հասել: Մինչդեռ այդ տներում տարիներով մարդ չի մնում»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ճամբարակի որոշ բնակիչների պատկանող անասնագոմերի տանիքներն էլ են կարկուտից վնասվել, սակայն նրանց նույնպես ոչ մի հատիկ շիֆեր չի հասել:
Ճամբարակի մեկ այլ բնակիչ Սուրեն Հարությունյանը «Ժողովուրդ»-ին դժգոհեց՝ նշելով, որ կարկուտից կրած վնասները հաշվառող հանձնաժողովը շրջանցել է իրենց տունը: «Հետքրքրվեցի, ասում են՝ թյուրիմացություն է եղել, կշտկենք, բայց ե՞րբ, Աստված գիտի: Հետո եկան, նայեցին ու իրենցից գոհ հայտարարեցին, թե մասնակի ենք վնաս կրել, բայց չեն գրանցում: Այս պահին շինարարական «պենայով» ժամանակավոր փակել ենք այդ անցքերը: Մի քանի անգամ քաղաքապետին ներկայացրել եմ, սակայն ասում է, որ մենակ մենք չենք այս վիճակում, եւ մշտապես խոստանում է, որ լրացուցիչ կդիմի մարզպետարան»,-ներկայացրեց Ս. Հարությունյանը:
Ճամբարակի մի քանի բնակիչներ խնդրի առնչությամբ բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նշենք, որ կարկուտի հետեւանքով լուրջ վնասներ կրած ճամբարակցի շուրջ 16 ազատամարտիկներ նույնպես շիֆերներ չեն ստացել:
Ճամբարակի ԵԿՄ նախագահի առաջին տեղակալ Գագիկ Տիգրանյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իրեն նույնիսկ մեկ հատիկ շիֆեր չեն տվել: «Իմ տունը գրադից տուժած է, այս պահին տանիքին ձյուն է նստած, տան պատերը խոնավացած են, բորբոսի հոտ է գալիս, բայց ոչ մի օգնություն: Իսկ նրանց, ովքեր քիչ են տուժել կամ չեն տուժել, 14-20 հատիկ շիֆրեր են բաժանել: Դա անելո՞ւ բան է: Չէ որ ես այս երկրի զինվորն եմ եղել, կռվել եմ, արյուն եմ թափել»,- զայրացավ Տիգրանյանը:
«Ժողովուրդ»-ը Ճամբարակի քաղաքապետ Յուրի Ավալյանից տեղեկացավ, որ շիֆերների բաժանումն արդեն ավարտվել է: Մեր հարցին, թե ինչու ճամբարակցիների մեծ մասը չի ստացել իրեն հասանելիք շիֆերները, նա պատասխանեց. «Բոլորն ամբողջությամբ ստացել են: Իսկ նրանք, ովքեր քաղաքում չէին, կգան կստանան: Այն բնակարանները, որոնք որ մեր հաշվառման ցուցակում եղել են, նրանք ստացել են: Ինչ վերաբերում է նրանց, որոնց հանձնաժողովը չի հաշվառել, առաջիկայում մարզպետարանում նրանց հարցը կքննարկենք ու կհասկանանք, թե իրենց ինչպես կարող ենք օգնել: Ձեզ դիմողները նրանք են, ովքեր հաշվառման ցանկում չկան: Այնուամենայնիվ, հանձնաժողովը ինչ-որ տեղ էլ բացթողումներ է արել»,- խոստովանեց քաղաքապետը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի եւ իր ընթերցողին կտեղեկացնի այս պատմության բոլոր մանրամասները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ԴԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու եւ պատժելու պահանջով Երեւանում անցկացված բողոքի ակցիան երեկ՝ հունվարի 15-ին, ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ:

Ակտիվիստներին, որոնք հավաքվել էին դատախազության շենքի դիմացի մայթին, մոտեցավ դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
Ակտիվիստները դատախազության աշխատակցին ներկայացրին իրենց պահանջը, ով նրանց ասաց, որ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում է, զբաղվում է Պերմյակովի գործով: Նա ակտիվիստներին տեղեկացրեց, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ռուսական ռազմաբազայում են, որտեղ քննչական գործողություններ են կատարում:
«Գնացել են, որ մեղադրանք առաջադրեն այդ տղային մեր օրենսդրությամբ: Երբ այդ գործողությունը կավարտվի, խափանման միջոցն ընտրելու հարց է առաջանալու: Այսօր մեր նպատակն է բացահայտել, թե ինչ է կատարվել: Իսկ այս ամենը դրան ավելի շատ խանգարում է: Քննարկման արդյունքում կպարզվի՝ այդ տղան մեր իրավապահների տրամադրության տակ է լինելու քննությունից հետո, թե ոչ»,-ակտիվիստներին ասաց Վահագն Մուրադյանը:
Դատախազության աշխատակցի հետ զրուցելուց հետո ակցիայի մասնակիցները հեռացան դատախազության շենքի մոտից:
Իսկ մինչ այդ ակցիայի ընթացքում ՌԴ դեսպանատան մոտ հավաքված ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցավ բախում: Բերման ենթարկվեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Ակցիայի մասնակիցները դեսպանատան մոտից երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից ոստիկանները բերման ենթարկեցին վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին եւ եւս մեկ ակտիվիստի: Նրանք վանկարկում էին. «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան», «Մի քանի հայի՞ էլ պետք է սպանեն, որ հանգստանաք»:
Նշենք նաեւ, որ ակտիվիստ Վարդգես Գասպարին, սովորության համաձայն, պառկել էր ասֆալտին եւ տեւական ժամանակ չէր տեղաշարժվում: Ոստիկանությունը պարբերաբար ավելացնում էր հանրահավաքը վերահսկող եւ անվտանգությունն ապահովող ոստիկանների թիվը: Ակտիվիստները ոստիկաններին դավաճան եւ վաճառվածներ էին անվանում:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԱՎԵԼԻՆ

Երեկ տեղի ունեցավ ՀՀ Կառավարության 2015 թվականի առաջին նիստը, որի մեկնարկից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում ոճրագործության զոհերի հիշատակը:

Նիստի բացման ընթացքում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը Կառավարության անդամներից ակնկալում է ավելին, քան մինչ այժմ. «Ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն եւ նախանձախնդրություն: Մենք ունենք շատ խնդիրներ, եւ յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված իր ծրագրի, այլ իր ոլորտի տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի համար»:
Վարչապետն ընդգծեց, որ նախաձեռնողականության հետ մեկտեղ ակնկալելու է որակ եւ, ամենակարեւորը, կարգապահություն: «Հում, չմշակված փաստաթղթեր մեզ անհրաժեշտ չեն, լինելու եմ խստապահանջ, եւ նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Մենք պետք է արդյունք ապահովենք, եւ ժողովուրդը մեր աշխատանքի արդյունքները պետք է տեսնի»,-հայտարարեց Հ. Աբրահամյանը:
Այնուհետեւ Կառավարությունը հաստատեց մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որոնցում իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: ՀՀ 4 մարզերից ցանկում ընդգրկված է 31 համայնք, իսկ որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:
Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Սա այն ցանկն է, որին տվել ենք արտոնություններ. կարծում եմ՝ սա մեծ աջակցություն է մեր համայնքներին: Նաեւ վերջերս տեղի ունեցան կրակոցներ, ինչի համար մենք հանձնաժողով ենք ստեղծել ու փոխհատուցելու ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են: Մենք ուշադիր ենք լինելու նրանց հոգսերին»:
Ցանկում ընդգրկված 31 համայնքներն են Արարատի մարզից Երասխ համայնքը, Վայոց Ձորի մարզից Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի համայնքները, Գեղարքունիքի մարզից Վահան համայնքը, Տավուշի մարզից Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, (Իջեւանի շրջան), Մովսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սեւքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիրաղբյուր համայնքները:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս