Մշակվել է Սերյոժա Ավետիսյանի բուժման հետագա ռազմավարությունը. առկա է կայունացման միտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ այսօր անցկացվել է երկրորդ կոնսիլիումը` Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս և տեղի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Մանրամասն քննարկվել են նախորդ զննությունից հետո անցած 12 ժամվա ընթացքում փոքրիկի մոտ արձանագրված ամենափոքր իսկ փոփոխությունները։ Նշվել է, որ իրականացված բուժման, այդ թվում` գլխուղեղի փորոքների դրենավորման շնորհիվ վնասված գլխուղեղի վերականգնման նշաններ են ի հայտ գալիս։ Վերլուծելով գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները` հենց կոնսիլիումի ընթացքում կազմակերպվել են լրացուցիչ որոշ հետազոտություններ։

Մանրամասն քննարկվել են երեխայի օրգան- համակարգերի գործունեության ապահովման հնարավորությունները, հնարավոր բարդությունների հավանականությունը, դրանցից խուսափելու ուղիները։ Արդյունքում մշակվել է բուժման հետագա ռազմավարություն։

Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը շեշտել է, որ պետք է հիշել, որ երեխան շատ ծանր վնասվածք է ստացել, ինչը մեծ վնաս է հասցրել ամբողջ օրգանիզմին:

«Աստիճանական բուժումն ընթանում է ըստ ծրագրածի: Գործընկերների հետ կայացած բավականին արդյունավետ քննարկումը հնարավորություն կտա բուժման ճշգրիտ ռազմավարություն իրականացնել: Շատ հարցերում մեր կարծիքները համընկնում են: Այժմ առկա է կայունացման միտում»,- ասել է պրոֆեսորը:

Նրա խոսով, այն ինչին դիմակայել է երեխան, և ինչին հաջողվել է հասնել մասնագետների միահամուռ ջանքերի շնորհիվ` արդեն իսկ մեծ հաջողություն է:

Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին նշել է, որ ինքը գործընկերների հետ Երևանում է ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի, ՌԴ նախարարության հանձնարարությամբ:

«Մենք այստեղ ենք և պատրաստակամ աջակցելու երեխայի առողջական առկա խնդիրներին մեր մասնակցությամբ լուծումներ տալու համար,- ասել է պրոֆեսորը,-փորձում ենք այնպես անել, որ իրավիճակի համատեղ վերլուծությունը դրական հանգուցալուծում, արդյունք տա»։

Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմն էլ նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ իրենց միավորում է միևնույն վիրաբուժական դպրոցը, երեխայի բուժման ընթացքի վերաբերյալ նույն մոտեցումները:

Նա վստահեցրել է, որ մասնագիտական քննարկումները հնարավորություն կտան ապահովելու բուժման առավել արդյունավետ ընթացք:




Լրահոս