Բացահայտվել են ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Կուրթան գյուղի բնակիչ Հ.Առաքելյանին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
2015 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 18:10-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ ստորին կողմնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է դիմել Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Հ.Առաքելյանը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի Կուրթան գյուղի «Զավոդի տարածք» կոչվող տեղանքում կենցաղային խնդիրների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում անպատվելու և քաշքշելու կապակցությամբ վրեժխնդիր լինելու շարժառիթով նախապես իր հետ վերցրած դանակով Հ.Առաքելյանի կրծքավանդակի ձախ ստորին կողմնային շրջանին մեկ անգամ հարվածել է նույն գյուղի անչափահաս մի բնակիչ:
Դանակի հարվածի հետեւանքով Հ.Առաքելյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Կասկածյալը հունվարի 17-ին` ժամը 23:40-ին ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս