ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ԾԱԽՍՈՂՆԵՐԻՆ ՀԱՐՑՐԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թեեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորության շատ թեկնածուներ գլուխ էին կոտրում մանդատ ստանալու համար, այնուամենայնիվ, առ այսօր ԱԺ նորընտիր պատգամավորներից որեւէ մեկը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել խորհրդարանում: 
ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էին ԱԺ պատգամավորները միլիոններ ծախսում օրենսդիրում ներկայացված լինելու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Ծիծաղում է-Ք.Մ.) Այս հարցն ունի երկու պատասխան: Նախ՝ ինչ են անում կամ ինչ չեն անում՝ իրենց պետք է հարցնեք: Ձեր հարցադրումը շատ ավելի խորը հարցերի է վերաբերում, իսկ այդ ամենին անդրադառնալիս շատ ավելի երկար պետք է խոսել, թե ինչու են մարդիկ դառնում պատգամավոր կամ ինչու պետք է դառնալ պատգամավոր, համապատասխանում են պատգամավոր դառնալու չափանիշներին, թե ոչ:
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
ԱԺ նախկին նախագահ 
ՊԱՏԱՍԽԱՆ. ԱԺ-ում մեծամասնական ընտրակարգով անհատները շատ ավելի քիչ են, շատերն ընտրվել են համամասնական ընտրակարգով, եւ այս դեպքում խնդիրը կուսակցության մեջ է: Ճիշտ է, մինչ օրս չեն փայլել իրենց նախաձեռնությամբ, եւ ես խնդիրը տեսնում եմ ավելի շատ կուսակցությունների, քան անհատների մեջ: Այնուամենայնիվ, ամեն ինչ նոր է, մի փոքր սպասենք, միգուցե նախաձեռնություններով դեռ հանդես կգան:
ՄԱՆՈՒԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ
“Ժողովրդավարական ուղի”
կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Գնացե՛ք, միլիոնները ծախսողներին հարցրե՛ք, ես չգիտեմ (այլ հարցերի հրաժարվեց պատասխանել-Ք.Մ.):
ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ
ԱԺ պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Իսկ Ձեր կարծիքով ինչո՞ւ են լրագրողները միշտ հիմար հարցեր տալիս: Բա սա հա՞րց է:
ԼՐԱԳՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ. Դուք սա համարում եք հիմար հա՞րց: Մինչ այսօր արդեն երկու նիստ է եղել, ԱԺ նորընտրի որեւէ պատգամավոր օրենսդրական նախաձեռնություն չի դրել շրջանառության մեջ: Այս փաստը Ձեզ նյարդայնացրե՞ց:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դուք տեղյա՞կ եք՝ քանի նիստ է եղել: Նիստերի օրակարգը գիտե՞ք, օրենսդրական նախաձեռնությունների օրակարգն առհասարակ գիտե՞ք, որ սենց հարց եք տալիս, լավ, պարզ է (անջատում է հեռախոսը-Ք.Մ.):
ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ 
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Խորհրդարանն ընդամենը 3 նիստ է գումարել: Ինչի օրակարգն էլ պարզ էր բոլորին` կառավարության ծրագրի հաստատումը եւ խորհրդարանում պաշտոններ զբաղեցնելը: Դրանից հետո պատգամավորներն այլ անելիք չեն ունեցել: Կարծում եմ՝ շուտով կլինեն նոր նախաձեռնություններ, այդ թվում՝ իմ կողմից:
ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս