«Մեր պատմական հայրենիքում ու մեր տարածաշրջանում ցավալի դեպքեր են տեղի ունենում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ շրջանառության մեջ է դրել «Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթման և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
«Սա մեր արտաքին դիվանագիտության, ազգային հայեցակարգի բաղադրիչներից մեկը պիտի լինի»,-նշեց պատգամավորը: Նրա խոսքով՝ մենք ունեցել ենք մի քանի իրավական ակտեր, որոնցով անդրադարձ է եղել միայն ցեղասպանության խնդրին, սակայն, դրանք մակերեսային բնույթ են կրում:
«Մենք այլևս իրավունք չունենք սպասել ու ընկնել իրադարձությունների հետևից, այլ մենք ինքներս պետք է միջոցներ ձեռնարկենք»,-շեշտեց նա: Զարուհի Փոստանջյանի կարծիքով` մեր ունեցած օրենքները պարզապես մակերեսային ձևակերպումներ են տալիս Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչը, ըստ պատգամավորի, պարզապես անթույլատրելի է:
Վերջինիս խոսքով՝ եթե նույնիսկ ԱԺ պատգամավորները համարձակվեն մերժել այս նախագիծը, այն չպետք է դուրս գա հայ ժողովրդի օրակարգից: Զարուհի Փոստանջյանի կարծիքով` մեր դիվանագիտությունը լուրջ բացթողումներ ունի: