Ոստիկանության կոպիտ սխալն ու գյումրեցիների հանդեպ Լյովա Երանոսյանի նախանձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 15-ին Գյումրիի կենտրոնում պայթյունավտանգ իրավիճակ էր: Մոտ 3 հազար ցուցարարներ պահանջում էին, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը հանձնվի ՀՀ արդարադատությանը:

Իրադրությունն այն աստիճան էր դուրս եկել վերահսկողությունից, որ շտապ օգնություն դիմած քաղաքացիներից ոմանց մոտ հիստերիայի նախանշաններ էին հայտնաբերվել: Իսկ բուռն քննարկումների առիթ դարձավ այն, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լյովա Երանոսյանը հայտարարարեց, թե հավաքված ժողովուրդի 80 %-ը հարբած է եղել: Նշենք, որ փոխոստիկանապետը ներկա չի եղել բողոքի ակցիային:

Armlur.am-ի հետ զրույցում «Ասպարեզ» ակումբի տնօրեն Լևոն Բարսեղյանն, անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը, նշեց. «Նա, երևի, նախանձ մարդ է. գյումրեցիների կերած-կմածն իր աչքին չի երևում: Երևի մտածում է, թե գյումրեցիները կերել-խմել են, իրեն բաժին չեն տվել: Չեն էլ տալու, թող չերազի: Թող գնա ու այդպես էլ տապակվի: Տեխնիկական իմաստով՝ բացարձակ անհեթեթություն է նրա ասածը: Այդ հարցազրույցի մեջ այնքան հակասող բաներ է ասում. մեկ ասում է, թե 80 %-ը հարբած է եղել, մեկ ասում է՝ փորձաքննություններ ենք անելու՝ իմանանք՝ քանիսն են հարբած եղել: Ի՞նչ ես պարզելու ախր, այ ընկեր, 4-5 օր անցել է արդեն, ինչպե՞ս ես պարզելու 2 հազար ցուցարարները հարբած են եղել, թե չէ: Կամ ենթադրենք՝ հարբել ենք, քեզ ի՞նչ, այ ընկեր: Եթե քեզ արաղ է պետք, զանգի, տեսնենք, եթե շշի մեջ մնացած լինի, կուղարկենք, եթե չէ, գնա այդպես էլ յոլա գնա»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է արդյոք պատգամավոր Մարտուն Գրիգորյանի այն վարկածը, թե Լյովա Երանոսյանի վերոնշյալ հայտարարությունը կարող է հավանական լինել, քանի որ կային հարբած սադրիչներ, պատասխանեց. «Ես սադրիչ ասելիս հասկանում եմ մարդու, ով հատուկ դիտավորությամբ կոնֆլիկտ է ստեղծում է, և նրա նպատակը այդ պահանջի հասկացությունը չէ, ինչի համար հավաքվում են: Բայց էմոցիաներ են, եթե դիմացինի ասածը նրա դուրը չի գալիս, սկսում է նետել կրակայրիչներ և այլն: Այդ մարդուն պարզապես հանգստացնել է պետք: Մարտուն Գրիգորյանն իրավունք ունի նրա ընկալումներն ունենալ: Շատ եմ լսում սադրիչների մասին, ինձ էլ են մեղադրում, անունս վախենում են տան, բայց ասում են: Իսկ ասողներն իրադրությանը կամ տեղյակ չեն, կամ իրենց ձեռնտու է այդպես խոսել»:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի օրը մի շարք քաղաքացիների կողմից Շիրակի դատախազության շենքի ուղղությամբ քարեր նետելուն, մեր զրուցակիցը նկատեց, որ դա հավաքվածների զայրույթի դրսևորման ամենամեղմ վիճակն է, քանի որ եղել են «ամենաանմարդկային, մարդկային բանականության մեջ չտեղավորվող» գործողություններ անելու առաջարկներ ևս:

Քարեր նետելու պահին, Լևոն Բարսեղյանի փոխանցմամբ, բերման են ենթարկվել 12 հոգի, որոնցից երկուսն ազատ են արձակվել մինչ մեղադրյալին տեսնելու գնալը, իսկ մյուսներն՝ ավելի ուշ:

«Բերման ենթարկվածների մասին չի կարելի ասել ակտիվիստներ, քանի որ նրանք բոլորն էլ շարքային քաղաքացիներ են: Հունվարի 16-ի երեկոյան մի քանի հոգի հրավիրվել են ոստիկանություն՝ լրացուցիչ բացատրություններ տալու: Այս պահին որևէ բողոք չեմ ստացել, որ ինչ-որ մեկին հետապնդեն կամ վախեցնեն»,- շարունակեց Լ. Բարսեղյանը:

Վերջինիս խոսքով՝ ըստ էության հաջողվեց անել այնպես, որ զորամսը՝ 102-րդ ռազմաբազան, պահակակետը, պարիսպները չգրոհվեն ցուցարարների կողմից:

«Ոստիկանությունն այդ օրը կոպիտ սխալ թույլ տվեց՝ որոշեց փակել փողոցը: Հիմա ոչ ոք չի կարող ասել, որ այդ մարդիկ պետք է գնային դեպի հյուպատոսարան, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Գլխավոր փողոցը փակելու ո՛չ իրավունք ունեին, ո՛չ էլ դրա կարիքը կար: Չլիներ Կոստանյանի՝ հունվարի 13-ի հայտարարությունը, հղումները՝ ռուսական սահմանադրությանը, մարդկանց զայրույթն այդպիսին չէր լինի: 12-ին և 13-ին նման բախումներ և զայրույթ չեղան:

Զայրույթն ուղղված էր Կոստանյանի դեմ: Նա կանգնեց ու իր ամբողջ արժանապատվությամբ բոլորին խոստացավ, որ կդիմի: Իրավաբաններն ասում են, որ նա հիմա էլ կարող է դիմել: Կդիմի՝ խնդիրներն ու պահանջները նրանից կնվազեն»,- նշեց «Ասպարես» ակումբի ղեկավարը՝ իրավաբանների նման տեսակետը բացատրելով այն հանգամանքով, որ ոստիկանության պետի տեղակալը հայտնել էր, որ ինքնախոստովանական ցուցմունք է տրվել մեղադրյալի կողմից, ինչն դա արդեն իսկ հիմնավոր փաստ է գլխավոր դատախազի կողմից իր ռուս պաշտոնակցին դիմելու համար:




Լրահոս