Անհասկանալի է մեր իշխանությունների պահվածքը: Նրանք Գյումրիի ողբերգության օրերին անընդունելի պահվածք դրսևորեցին: Այդ ծանր պահին գյումրեցու կողքին չլինելն անմարդկային է: Մեր պետական իշխանությունները անթույլատրելի անգործություն են դրսևորել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինիս կարծիքով` այդ օրը գյումրեցիների կողքին գտնվելը յուրաքանչյուրի պարտքն էր, իսկ պետական պաշտոնյաներինը` առավել ևս:
«Բավականին մանրակրկիտ ուսումնասիրել եմ ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, հետևել եմ առաջատար լրատվամիջոցների արձագանքին և կարող եմ նաև որպես իրավաբան ասել, որ ռուսական կողմը պատշաճ չի արձագանքում այս դեպքերին: Նրանց կողմից ճիշտ պահվածք նկատելի կլիներ միայն այն ժամանակ, երբ հանցագործին հանձնեին ՀՀ իրավապահ մարմիններին: ՌԴ-ն ինչ-որ լուրջ բան կոծկելու խնդիր ունի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը`հավելելով, որ նրանք չեն ցանկանում հրապարակային բնույթ հաղորդել իրադարձությունների ընթացքին:
Պատգամավորի կարծիքով` ռուսական լրատվամիջոցների այն հայտարարությունը, թե այս սպանությունը կենցաղային հողի վրա է, պարզապես անհիմն է: «Հանցագործը չի մտել պարզապես ինչ-որ բան խնդրելու: Նա մի քանի հանցագործություն է կատարել: Կարծում եմ, այստեղ բոլորովին այլ վարկած կա: Ռուսները պարզապես առևանգել են Պերմյակովին: Նրանք գործել են քաղաքական թելադրանքի ներքո»,- նշեց պատգամավորը: Վերջինս ասաց նաև, որ ռուսները պարզապես կարող էին հանձնել հայ իրավապահ մարմիններին և հայ հասարակությունն այլևս կասկածներ չէր ունենա: