ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱՐԵՎԻ ՆԵՐՔՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկվանից մեկնել է երկշաբաթյա արձակուրդի` վերականգնելու կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներից հետո ըստ ամենայնի քայքայված ուժերն ու նոր եռանդով վերադառնալու եւ ձեռնամուխ լինելու «Հայկական աշխարհում» առաջիկա հինգ տարիներին 5-7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը: Անշուշտ, երկրի վարչապետը, ինչպես եւ յուրաքանչյուր մարդ, ունի արձակուրդի իրավունք: Սակայն Տիգրան Սարգսյանի դեպքում ուշագրավն այն է, որ նա սովորաբար շատ ուշադիր է իր ենթակաների արձակուրդների հարցում` ամեն տարի նրանցից պահանջելով, որպեսզի ոչ մի դեպքում  չմեկնեն Անթալիա կամ թուրքական ուրիշ քաղաքներ, այլ իրենց հանգիստը կազմակերպեն առավելապես երկրի ներսում: Նախորդ տարի էլ, ինչպես հիշում ենք, վարչապետը հրապարակավ բոլորին հորդորում էր հանգստանալու համար մեկնել Արցախ: Ինչ խոսք, միանգամայն ողջունելի հորդոր է, առավել եւս, որ Արցախում, համեմատած Հայաստանի հետ, հանգստյան գոտիների գները բավականին մատչելի են, բացի այդ, հորդորելով իր ենթականերին հանգստի համար նախատեսած գումարը ծախսել Արցախում, Տիգրան Սարգսյանն այդպիսով գոնե մեկ ռեալ քայլ է անում երկրի` տվյալ դեպքում Արցախի տնտեսության զարգացման համար: Եւ եթե Տիգրան Սարգսյանն իր ենթականերին հորդորում է մեկնել Արցախ, ապա բնականաբար, պետք է սպասել, որ նա ինքը եւս սեփական հանգիստը կանցկացնի Արցախում` մեր հայրենիքի այդ չքնաղ հատվածում՝ երկրի տնտեսական առաջընթացի մասին մտորումները գերադասելով Իսպանիայի իր վիլլայում կամ Փարիզի բնակարաններից մեկում բուրժուական հաճույքներ վայելելուց: Եւ քանի որ  պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէր, թե կոնկրետ որտեղ է հանգստանում երկրի վարչապետը, մենք դիմեցինք նրա նորանշանակ մամլո խոսնակին` Հարություն Բերբերյանին՝ տալով այդ պարզ ու երկար մտորումների տեղիք չտվող հարցը: Սակայն վարչապետի խոսնակը մեզ խնդրեց հարցը ձեւակերպել գրավոր ու խոստացավ դրան պատասխանել մի քանի օրից: Այս տարօրինակ գաղտնապահությունը եւ նման պարզ հարցին այդպիսի «օպերատիվությամբ» պատասխանելու` խոսնակի պատրաստակամությունը կարող է նշանակել երկու բան. կա՛մ նորանշանակ Բերբերյանը դեռ չի հասցրել հասկանալ, թե որոնք են վարչապետի մամլո խոսնակի գործառույթները, կա՛մ Բերբերյանի այդ մասնագիտական «դանդաղկոտությունը» պայմանավորված է Տիգրան Սարգսյանի հանգստի իրական վայրի հրապարակման աննպատակահարմարությամբ: Ամեն դեպքում մի բան ակնհայտ է. եթե վարչապետը մեկնած լիներ Արցախ, նրա խոսնակը ոչ միայն չէր խուսափի մեր հարցին անմիջապես պատասխանել, այլեւ դեռ մի բան էլ ամեն ինչ կաներ, որ վարչապետի այդ «անձնազոհ» քայլն ըստ արժանվույն  «պտտվեր» մամուլում:




Լրահոս