Գյումրիի ողբերգական դեպքերը վերապրած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի ցանկացած տեղափոխութուն կարող է հանգեցնել լուրջ հետևանքների: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոքրիկին բուժող բժիշկ Սարգիս Դալաքանը:
«Նույնիսկ երեխային Գյումրիից Երևան տեղափոխումը վտանգավոր է եղել և այդ ճանապարհին կարող էինք մի քանի անգամ կորցնել նրան: Նա տեղափոխության ենթակա չէ, նրան նույնիսկ առաջին հարկ իջեցնելն ու ապարատից անջատելը կարող է վտանգավոր լինել», – ընդգծեց նա:
Անդրադառնալով իրենց կարևորագույն քայլերին՝ նա նշեց, որ առաջին հերթին պետք է կարգավորել սիրտ-անոթաին աշխատանքը, արյան անբավարարությունը և երիկամները:
«Այս երեխան լրջագույն խնդիրներ ունի բոլոր օրգան-համակարգերի հետ: Կանխատեսումներ անել հնարավոր չէ», – հայտարարեց նա:
Լրագրողների հետ զրուցեց նաև Սանկտ-Պետերբուրգից ժամանած բժիշկ Վիլյամ Խաչատրյանը, ով օրեր առաջ վիրահատել էր փոքրիկին: Նա նշեց, որ այստեղ են Ռուսաստանի և Հայաստանի լավագույն բժիշկները:
«Երեխայի համար արվում է բոլորը: Չկա այնպիսի մասնագետ, ով կարող էր խորհուրդ տալ ու օգնել և նրան չենք դիմել: Այն, որ այդպիսի ծանր հիվանդը, հիմա կենդանի է, դա արդեն հրաշք է: Մինչև հիմա ստացվում է բոլոր առաջացած խնդիրները լուծել», – նշեց նա:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինը պատրաստակամություն էր հայտնել օդանավ ուղարկել և Սերյոժային հետագա բուժման նպատակով տեղափոխել Ռուսաստան: